?

Log in

Ինչպես չդիմել դասընթացներին մասնակցելու, աշխատանքի դասավորվելու ևն - groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
Groul

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Ռազմինֆո ] [ Բառարան | Словарь ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Ինչպես չդիմել դասընթացներին մասնակցելու, աշխատանքի դասավորվելու ևն [Mar. 2nd, 2016|03:42 pm]
Groul
[Tags|, , ]

2008 թվականից դասընթացներ եմ կազմակերպում և վարում։ Այդ ընթացքում երևի 1000-ից ավելի դիմում ու CV եմ ընթերցել, հարյուրավոր հարցազրույցներ վարել։ Նշեմ, որ տարեցտարի դիմումների լրացման լեզվական որակն ընկնում է։ Որոշեցի վերջին 2–3 տարվա փորձիս վրա հիմնվելով՝ ցանկ կազմել դիմողների համար, թե ինչն է ինձ՝ որպես ընտրություն կատարողի, առավել նյարդայնացնում և, ըստ այդմ, խանգարում դիմողին նախնական ընտրության փուլն անցնելուն։
  • Դեռ 3–4 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ ստիպված կլինեմ նման բան գրել, բայց այսօր ստիպված եմ... YEREXEQ, չի կարելի դիմումի ձևը կամ հարցաթերթիկները լատինատառ հայերենով լրացնել, լատինատառ հայերենով տեքստեր ուղարկել, ընդհանրապես չի կարելի ֆորմալ նամակագրությունը լատինատառ հայերենով վարել։ NO! NO! NO!
  • Երբ նամակ եք ուղարկում ինչ-որ դասընթացին մասնակցելու կամ աշխատանքի դիմելու համար, կամ ուղղակի գործնական նամակագրություն եք վարում, անպայման վերնագրեք նամակը (լրացրեք subject line կոչվածը)։ Անանուն նամակները կարող են կորել հաղորդագրությունների հոսանքում, առավել ևս, որ դիմումներ ընդունելու օրերին կազմակերպությունը կարող է հարյուրավոր նամակներ ստանալ։ Նամակը վերնագրելիս հստակ վերնագիր ընտրեք, որ փոստարկղը բացելիս ընթերցողին միանգամից պարզ լինի, թե այն ինչի մասին է։ Չի կարելի գրել «ևս մեկ նամակ», «մի հարց ունեմ» կամ, ասենք՝ «բարև ձեզ» ևն։ Եթե հարց ունեք, գրեք, թե հարցն ինչի մասին է։
  • Ուղարկելուց առաջ ստուգեք ձեր տեքստը 2–3–4 անգամ։ Ուղղագրական և քերականական, էլ չասեմ՝ բովանդակային սխալներով ու վրիպակներով ձեր դիմումներն ու նամակները կտրուկ իջեցնում են ընտրվելու հավանականությունը։ Եթե, իհարկե, բեռնակրի կամ հովիվի աշխատանքի համար չեք դիմում։ Անփութորեն լրացված դիմումը վկայում է, որ դուք կամ փնթի, անգրագետ և անլուրջ մարդ եք կամ, ինչն ավելի վատ է՝ լուրջ չեք վերաբերվում հասցեատիրոջը։
  • Կետադրական նշաններից հետո միշտ պետք է բացատ (space / пробел) դնել։ Միշտ։
  • Եթե չեք դիմում էրոտիկ ամսագրում նկարահանվելու կամ հասարակաց տանն աշխատելու համար, ապա պետք չէ CV-ներում տեղադրել «քիսոյական» կամ «մաչոյական» լուսանկարներ։ Առավել ևս՝ լողազգեստով լուսանկարներ (այո, այդպես էլ է լինում)։
  • Նորմալ է նշել, թե նախկինում ինչ այլ դասընթացների, սեմինարների և այլ հետաքրքիր միջոցառումների եք մասնակցել։ Բայց եթե երիտասարդ դիմորդի մոտ դրանց թիվն անցնում է տասնյակից և դրանք լրիվ տարաբնույթ են՝ տարբեր ոլորտներից, ապա կարող է տպավորություն առաջանալ, որ դիմորդն ընդամենը «սեմինարային տուրիստ» է, ում իրականում հետաքրքրում է ոչ թե գիտելիք ստանալը, այլ ժամանցը։ Առավել ևս չարժի ծանրաբեռնել նամակագրությունը պատվոգրերի և գովասանագրերի սկաններով, եթե դրանք կոնկրետ դասընթացի թեմատիկայի կամ աշխատանքի հետ ուղղակի կապ չունեն։
  • Չի կարելի նամակներն ուղարկել ոչ ձեր հասցեից։ Անլուրջ է։
  • Առավել ևս չարժի նամակներ ուղարկել «ջրիկ» հասցեներից, ասենք. klubnichka18@mail.ru կամ super_albertik@yahoo.com։ Հա, հասկանում եմ, որ 10 տարի առաջ 2րդ դասարանում եք այդ փոստարկղը գրանցել, բայց ժամանակն է առաջ անցնելու...
  • Մի քիչ ջանք թափեք և CV-ն հարմարացրեք կոնկրետ հասցեատիրոջ հետաքրքրություններին, դա բավականին առավելություններ է տալիս։
  • Չի կարելի պատասխանել հարցերին այնքան կարճ, որ տպավորություն ստեղծվի, թե ծույլ եք ու թքած ունեք, բայց նաև չի կարելի «ջուր հուպ տալ», որ մարդկանց գլուխը չգնա ձեր բազմաբառ մտքի թավուտում անիմաստ թափառելուց։
  • Մի գրեք բաներ, որոնց մասին տեղյակ չեք։ Մի փորձեք գիտունիկ թվալու համար ձեր գրածը համեմել բառերով, որոնց իմաստը չեք հասկանում։
  • Որոշ չափով ծաղկացնելն ու գլուխ գովելը նորմալ է, բայց հետևեք, որ ձեր գրածում տրամաբանական հակասություններ չլինեն, ինքներդ ձեզ ստի վրա չբռնեք։
  • Պաթոսով մի խեղդեք։ Շատ եմ խնդրում։
  • Երբ նամակ եք ուղարկում, որին կցում եք ինքնակենսագրություն, դիմում և այլ անհրաժեշտ ֆայլեր, մի զլացեք, 1–2 իմաստալից տող էլ նամակում գրեք, որ տպավորություն չստեղծվի, թե նկատի ունեիք. «Հրես, առեք ձեր անտեր հարցաթերթիկը»։
  • Երբ ձեզ հարցնում են, թե «որտեղից եք իմացել մեր դասընթացի մասին», մի գրեք. «Համացանցում», համացանցը միլիոնավոր կայքերից է բաղկացած։
  • Չի կարելի copy-paste արած տեքստ ուղարկել, երբ դիմելու ընթացքում ձեզ հանձնարարում են ինչ-որ թեմա ինքնուրույն հետազոտել, գրել և այլն։ Ինքնուրույն ձեր տեքստը գրեք՝ նշելով, թե որտեղից եք իմացել ձեր հիշատակած այս կամ այն փաստի մասին։
  • «Ներողություն» ասելն ամոթ չէ։ Եթե ինչ-որ բան ստիպված եք փոխել կամ որևէ կերպ անհարմարություն եք պատճառում, միշտ ներողություն խնդրեք։ Առավել ևս վնասակար է մուննաթ գալը։
  • Երբ ինչ-որ հայց եք ուղարկել էլփոստով, ապա դրան հաջորդող օրերին մի ծուլացեք, ստուգեք Ձեր փոստարկղը։ Լինում է՝ մարդ դիմում է, ինչ-որ լրացուցիչ հարց է առաջանում, գրում ես՝ ու ոչ մի պատասխան։
  • Ուշադիր կարդացեք հայտարարությունը, մինչև ինչ-որ բան գրելը։ Հաճախ լինում է, որ հարցեր ենք ստանում, որոնց պատասխանը հայտարարության հենց առաջին պարբերությունում կա։
Այլ բաներ հիշեմ, կավելացնեմ...
LinkReply