| Հին, բայց դեռ թարմ գրառումներից |
[Mar. 6th, 2008|01:51 am] |
Նայում էի անցած տարվա գրառումներս... Ախր զոռով հո չի. այն, ինչ կատարվում է այսօր, շատ լավ երեւում էր դեռ մեկ տարի առաջ եւ պետական մեքենայի՝ առաջին իսկ լուրջ ցնցումից կաթվածահար լինելու վտանգը դեռ այն ժամանակ էլ ակնհայտ էր։ Տեքստերը մեկին մեկ այսօր էլ կարելի է դնել. իրենց արդիականությունը մի գրամ չեն կորցրել...
Հետեւալը մեջբերում է անցած տարվա հունիսի 21-ին գրված հոդվածից.
ԿՈՐԴԻՆԱՑՆՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Հայքի քաղաքական դաշտում վերջին իրադարձությունները անհապաղ լուծման կարիք ունեցող մի քանի խնդիրներ բացահայտեցին։ Ավելի ստույգ՝ խնդիրները վաղուց կային, մենք էլ տեղյակ էինք դրանցից, բայց կեղծ կայունության փխրուն տեսիլքով հիպնոսացված՝ չէինք շտապում որևէ քայլեր ձեռնարկել։
...
Ի՞նչ ելք կարելի է առաջարկել այս իրավիճակում։ Տվյալ պահին օրինական իշխանափոխությունը կարծես թե անհնարին է, նաև անիմաստ է, քանի դեռ չունենք քիչ թե շատ հստակ գաղափարախոսություն, որն ի վիճակի կլինի ուղղորդել ղեկավարների նոր սերունդը, չի թողնի նոր վերնախավին ժամանակի ընթացքում այլասերվել՝ վերածվելով մի նոր վիշապի։ Նաև շատ կարևոր է, որ հայոց պետականությունը ծառայի ազգին, այլ ոչ թե հակառակը։ Այնուամենայնիվ չգործելն էլ սխալ է, քանի որ քաոսն ու անորոշությունը՝ դիմադրության չհանդիպելով, միտում ունեն ուժեղանալու։
Այս պայմաններում, հեղինակի կարծիքով, պետք է ընտրել ազգային ինքնակառավարման ցանցային կառույց/կառույցների խումբ ստեղծելու ճանապարհը։ Այն պետք է հնարավորին չափ խուսափի պետության հետ բացեիբաց բախումից, լրացնելով պետության բացերը, որտեղ հնարավոր է ուղղություն տալով պետական քաղաքականությունը և պատրաստելով նոր՝ հայրենատիրական ոգով դաստիարակված սերունդ։ Այսպիսի ցանցը կարող է սկսել իր աշխատանքը գաղափարական ու տեղեկատվական դաշտից, ժամանակի ընթացքում ներթափանցելով կրթական ոլորտ և վերջին հաշվով պետական կառավարման ոլորտ։ Որոշակի պահից սկսած այդպիսի կառույցը ի վիճակի կլինի ապահովել ազգի ոչ միայն տեղեկատվական-գաղափարախոսական, այլև ֆիզիկական անվտանգությունը, ազդել ժողովրդագրական (օրինակ՝ հայրենադարձություն, ծնելիության աճ), տնտեսական և այլ գործընթացների վրա։ Նման կառույցի գործունեության ոլորտները գրեթե անսահմանափակ են ու կարող են մրցակցել իշխանությունների հետ նույնիսկ պետության մենաշնորհ համարվող այնպիսի բնագավառներում, ինչպիսին է, օրինակ՝ արտաքին քաղաքականությունը, հետախուզությունն ու հակահետախուզությունը։
Իսկ սա մեջբերում է անցած տարվա մայիսի 18-ին գրված տեքստից.
Այսօր մենք գրեթե անցել ենք կրիտիկական մինիմումը։ Շատ լավ հասկանալով, բայց ինքներս մեզ խաբելով, թե ոչինչ, դեռ վերջը չի, դեռ մի բան կանենք։
Տաս, քսան, մի գուցե երեսուն տարի հետո, եթե դեռ կենդանի լինեմ, անպայման կգտնվի երիտասարդ մեկը, որ կհարցնի. «Իսկ ինչպե՞ս պատահեց, որ այսպես բառադի ձեւով հանձնեցիք Արցախը, Հայաստանը։ Ի՞նչ արեցիր կոնկրետ դու, որ ազգը չկործանվի»
Սա էլ՝ Հաղթանակների վնասի մասին հոդվածից.
Ամեն օր կրկնում ենք վաղ ու մոտ անցյալի սխալները. կրկնում, հաջորդ օրը մոռանում... ու նորից կրկնում։ Սխալները կուտակվում են, կուտակվում, այնուհետեւ կարծես թե հերթական աննշան զիջումից-կորուստից հետո մեզ համար լրիվ անսպասելիորեն հայտնվում ենք անդարձելիության կետի (точка невозврата) մոտ։ Խուճապահար զարթնում ենք ու մայկա-տռուսիկով բռնվում կենաց-մահու կռվի. հսկայական կորուստներով պոկում ենք եւս մի տաս-քսան-երեսուն-քառասուն տարի գոյատեւելու իրավունք։ Ու անմիջապես արխայնանում։
Սակայն այս բոլորաշրջաններից (циклы) եւ ամեն մեկում ունենում ենք անվերադարձ կորուստներ, որոնք երբեք ի վիճակի չենք լինում լիովին վերականգնել։ |
|
|