| ahousekeeper ( @ 2008-05-02 18:31:00 |
| Entry tags: | 2008, երեւան, կրթություն, հայք |
Ամառային դպրոց | Летняя школа
Հետևյալ հայտարարությունը վերաբերվում է ԵՊՀ, Բրյուսովի լեզվաբանական համալսարանի, Սլավոնական համալսարանի, Մանկավարժականի և բոլոր այլ ԲՈՒՀ-երի 2-րդ եւ բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրաների ու Ամերիկյան համալսարանի այն ուսանողներին, որոնք մասնագիտանում են հասարակագիտական ուղղություններով։
Եթե հարցեր լինեն, ուրախ կլինեմ պատասխանել։
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ»
2008թ. հունիսի 30-ից մինչև օգոստոսի 2-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանում կազմակերպում է «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դպրոց/դասընթացներ։
Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:
Առաջարկվող դասընթացներն են.
- Տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներառյալ պատմական ժողովրդագրության և աշխարհագրության հիմնահարցեր.
- Ազգային ինքնություն, ազգայնականություն. հայկական և օտար փորձի վերլուծություն.
- Ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ.
- Հոգեբանական/տեղեկատվական պատերազմներ, քարոզչություն-հակաքարոզչություն, PR և հասարակական կարծիքի ձևավորում.
- Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածում։
Դասընթացները վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է
Ուսանողներն ընտրվելու են մրցութային սկզբունքով` դիմումում ներկայացված տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։
Ամառային դպրոցը նախատեսված է հասարակական գիտություններ ուսումնասիրող՝ հիմնականում 2-րդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողների համար։ Ընտրության ժամանակ նկատի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները։ Խիստ ցանկալի է նաև օտար լեզուների, հատկապես անգլերենին և ռուսերենին տիրապետումը։
- Դասընթացներն անցկացվելու են սեղմ ժամանակացույցով։
- Մրցույթը շահած յուրաքանչյուր ուսանողի ներկայությունը և մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր են։
- Դպրոցը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան համապատասխան վկայականներ։
- Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։
- Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 12-ը ներառյալ։
Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրությունը և անձնագրի պատճեն։ Լրացված փաստաթղթերի փաթեթը հանձնել Այգեձորի նրբանցք #10 հասցեում գտնվող «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին կամ ուղարկել amar2008@dproc.net էլ-փոստի հասցեով մինչև մայիսի 12-ը։
Դիմումի ձևը կարելի է ներբեռնել (download) http://amar2008.dproc.net կայքից։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար աշխատանքային օրերին ժամը 14:30-ից մինչև 17:30-ը կարող եք զանգահարել (+374 10) 27-48-33 հեռախոսահամարով։