| ahousekeeper ( @ 2008-07-17 17:01:00 |
| Entry tags: | թուրքիա, հայաստան, սերժ սարգսյան, տեղեկատվական քաղաքականություն, քաղաքականություն |
Հարցեր նախագահին՝ մաքրագիր տարբերակ
Իմ հարցերը ՀՀ նախագահին։
1. Մամուլը, միջազգային միջնորդները անընդհատ ակնարկում են Արցախի հարցում հայկական կողմից տարածքային զիջումների մասին, օտար «խաղաղապահ» ուժերի՝ այդ տարածքներում տեղակայման մասին։ Միաժամանակ ՀՀ ու ԼՂՀ ղեկավարությունը հստակ երաշխիքներ չեն տալիս, որ ազատագրված տարածքը (այդ թվում և նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Քելբաջարի, Լաչինի, Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Ֆիզուլու, Զանգելանի ու Աղդամի շրջանների տարածքները) չեն հանձնվելու թշնամուն։ Ե՞րբ կլսենք հստակ ու միանշանակ հայտարարություն՝ ազատագրված տարածքները դիվանագիտական առուծախի առարկա դարձնելու անընդունելիության մասին։
2. Հայ-թուրքական հարաբերություններում 1991-ից ի վեր հայկական կողմը վարում է առավելագույնս զգուշավոր (ինչը հասկանալի է) և կրավորական (ինչը վտանգավոր է) քաղաքականություն։ Սակայն 1991-ից ի վեր ՀՀ այդպիսի դիրքը ոչ մի արդյունք չի տվել, և Թուրքիան իր բացահայտորեն հակահայկական դիրքորոշումը չի փոխել։ Սա հաշվի առնելով, ո՞րն էր Աբդուլլահ Գյուլին Երևանը այցելելու հրավեր ուղարկելու իմաստը։
3. Անցած տարի հրապարակված որոշ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այն երկրների տնտեսությունը, որոնք չեն հետևել Միջազգային արտարժույթային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի խորհուրդներին, ավելի արագ են զարգանում, քան այն երկրներինը, որոնք իրենց տնտեսական քաղաքականությունում առաջնորդնվում են վերոհիշյալ հաստատությունների խորհրդատվությամբ։ Արդյո՞ք Հայաստանի համար չի եկել ժամանակը վերանայելու հարաբերությունները միջազգային այս և նմանատիպ այլ կառույցների հետ։
4. ՀՀ պետական կառույցների տեղեկատվության անվտանգության վիճակը խիստ մտահոգիչ է։ Ամենաթարմ օրինակը՝ ԱՄՆ-ում հայկական դեսպանատան կայքը «կոտրվել» էր ադրբեջանցի ցանցահենների կողմից, և ԱԳՆ-ում այդ մասին երեք ամսից ավել է տեղյակ չեն։ Ավելին, դեսպանատան աշխատակիցներին զգուշացնելուց հետո, արդեն 11-րդ օրն է ինչ կայքի անվտանգությունը չի վերականգնվել, հուլիսի 17-ի դրությամբ հյուպատոսության կայքէջը շարունակում «վիրուսով» վարակված մնալ։ Կարելի է հետևություն անել, որ տեղեկատվական անվտանգության հարցում Հայաստանի Հանրապետությունը խիստ խոցելի է։ Ի՞նչ քայլերի է մտադրված դիմել ՀՀ իշխանությունը իրավիճակը բարելավելու նպատակով համար։ Արդյո՞ք ժամանակը չէ մասսայական կերպով նոր կադրեր ներգրավվել, եթե հները ի վիճակի չեն տարրական խնդիրներ լուծել։
Եթե ընթերցողի մոտ հարց առաջանա, թե ինչու հանկարծ որոշեցի Սերժ Սարգսյանին հարցեր տալ, կարդացեք երեկվա գրառումս։
Հարցեր կան նաև Սերգեյի, Կոռնելիի, Փղի մոտ։