| ahousekeeper ( @ 2007-05-03 17:29:00 |
| Entry tags: | հայերեն |
Հայկական կրթության ու հայերենի մասին
Արձագանքելով
freedomfight777-ի առաջարկին, ես էլ գրեմ իմ պատմությունը :)
Ծնվել եմ ռուսախոս ընտանիքում եւ ծնողներս ունենալով ռուսական կրթություն, այնուամենայնիվ ինձ ուղարկեցին հայկական դպրոց, ասելով. «Հայը առաջին հերթին պետք է հայերեն իմանա»։ Ծանոթ-բարեկամները շատ էին քննադատում մերոնց, իբր թե ապագայիս քար են գցում
Իհարկե, սա չէր նշանակում, որ ուրիշ լեզուներ պետք չէր սովորել։ Անգլերեն էլ սովորեցի (լավ ճռռալով, քանզի լեզուների նկատմամբ սեր չունեմ առանձնապես, բայց դե...), դե իսկ ռուսերենի հետ խնդիր երբեք էլ չեմ ունեցել՝ երեք տարեկանում արդեն կարդում էի ռուսերեն։ Մի բան եմ ափսոսում, որ մինչեւ իններորդ դասարան հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներս շատ անհաջող էին։ Հետո այլ նկատառումներից ելնելով դպրոցս փոխեցին, ավելի լավ ուսուցչուհի ունեցա, բայց շատ բան արդեն բաց էի թողել։
Մի քանի տարի առաջ էլ մի պահ եկավ, երբ երկար ժամանակ Հայաստանից դուրս գտնվելով, նորից սկսեցի հայերենը կորցնել։ Տարուց ավել էր ինչ հայերենով գեթ մի բառ չէի գրել։ Հետո, երբ պետք եկավ հայերեն գրել, չէի կարողանում ստեղնաշարի վրա տառերի տեղերը հիշել։ Մի քանի շաբաթ ստիպեցի ինքս ինձ հայերեն տեքստեր հավաքել իմացածս վերականգնելու համար։
Ինչ վերաբերվում է «ֆլեշմոբ» բառին, անպայման չէ բառացիորեն թարգմանել։ Կարելի է, օրինակ՝ ասել «շուրջպար», «խմբապար», «խմբխոսք», «վեբցույց», «վեբպար» :)
ԱՎԵԼԱՑՈՒՄ. Նախորդ գրառումում
teaktak-ը զարգացնելով
mkdotam-ի գաղափարը առաջարկեց «շանթամբոխ» եզրը։ Իմ կարծիքով դիպուկ էր :)