| ahousekeeper ( @ 2007-06-12 20:11:00 |
| Entry tags: | երիտպաշտոնյաներ, հայք |
Երիտպաշտոնյաներ
Բյուրոկրատական ապարատի խորքերից հայտնվել է մի խավ, որին կարելի է նկարագրել «երիտպաշտոնյաներ» եզրով։
Երիտպաշտոնյաները չունեն սկզբունքեր, բացի ավելի բարձր պաշտոններ ստանալուց ու եկամուտի նորանոր աղբյուրներ հայթայթելուց, թեւ մեր դասական կաշառակեր բյուրակրատներից տարբերվում են լավ (հաճախ Արևմուտքում ստացված կամ արեւմտյան ազդեցությանը ենթարկված) կրթությունով, միջազգային գործընթացներից քաջատեղյակ լինելով, եվրո-ամերիկյան «մարդասիրական» եզրաբանության կատարյալ տիրապետումով։
Այս խավը բնականաբար իրեն հայտարարում է ուժեղ պետականության կողմնակից՝ ուժեղ պետականությունը առաջ քաշելով, որպես հայրենասիրությունն ու ազգասիրությունը փոխարինող գաղափար։ Մի մասը ՀՀԿ (ավելի հազվագյուտ Դաշնակցության) անդամներ են, թեպետ սա միայն միջոց է կարյերային աճն ապահովելու, եւ այս մարդկանց նժդեհական կամ դաշնակցական կոչելը ոչ այլ ինչ է քան զավեշտ թե´ Նժդեհի, թե´ Դաշնակցության հասցեին։
Հիմնականում օտարամոլ են, չնայած սիրում են իրենց ամեն մի քայլը ներկայացել, որպես ծայրահեղ հայրենասիրության դրսեւորում։ Բացեիբաց կաշառք չեն վերցնում, բայց այս կամ այլ ձևով զբաղված են պետական միջոցները, արևմտյան վարկերն ու դրամաշնորհները յուրացնելով։ Խոսելակերպը նույնն է ինչ, որ «ՀԿ-ական» շրջանակներինը և բնորոշվում է, օրինակ՝ օտարալեզու թերմինների կամ դրանց բառացի թարգմանությունների հաճախ օգտագործմամբ (օրինակ՝ challenge – մարտահրավեր, vision – տեսլական, message, transparency – թափանցիկություն և այլն)։
Առայժմ երիտպաշտոնյաներից քչերն են հանգույցային դիրքեր զբաղեցնում պետական ապարատում, բայց հեռու չէ այն ժամանակը, երբ կարյերային աճին զուգահեռ այս խավը կսկսի շատ լուրջ դեր խաղալ արտաքին ու ներքաղաքական բեմում։ Ու սրանք են դառնալու հայության ազգայնամետ թեւի ամենակատաղի ու հմուտ թշնամիները։