| Պլյուս մեկ |
[Jul. 15th, 2008|04:19 pm] |
Երեկվա անանուն (ու ջղայնացած) գրառմանս շատ համահունչ է dabavog-ի այսօրվա «ինչու է աղմկում թսանը» գրառումը. ՙԷդ մեր վարչապետը կռիվ-կռիվ էր խաղում, ամոթ ա, կարող ա գիտի որ զինվորական շոր հագավ, պտի կարծենք որ կառավարությունը լավ գործ ա անում, կամ էլ կարող ա կարծում են իրանց էդ շորերը շատ են սազում՚ եւ այլն։
Ես անձամբ շատ սիրում եմ առողջ ցինիզմ եւ սրամտություն, բայց չեմ սիրում չարություն եւ չկամություն։ Ես հաճույքով կծիծաղամ ձեր հետ միասին նրա վրա, որ վարչապետն ու նախարարները վատ են կրակում, դանդաղ վազում, զինվորական զգեստը մազալո են կրում կամ ուրիշ բաների վրա։
Բայց միանշանակ շատ գոհ եմ, որ կառավարության անդամները գնում են զորամասեր, կուզեի բոլոր նախարարները պարտադրված լինեին այդ անել ամեն ամիս գոնե մի անգամ։ Ավելին, կուզեի որ մեր թերթերի խմբագիրներն էլ իրանք եթե ոչ, ապա գոնե իրենց թսան աշխատակիցներին մեկ-մեկ սահմանամերձ զորամասեր ուղարկեին՝ վառոդի հոտը ու զինվորի շիլան համտեսելու նպատակով։ |
|
|
| Պետական պարտքի մասին օրենք |
[Jun. 19th, 2008|11:31 pm] |
Panorama.am կայքում կարդում եմ. ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ Նախագահի մամլո գրասեյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Պետական պարտքի մասին օրենքը։
Սա մեջբերում չէ, սա ամբողջ նորությունն է! Չեմ հասկանում, պետք չէ՞ արդյոք գոնե երկու խոսքով գրել, թե ինչ է իրանից ներկայացնում այդ օրենքը։ Հետո էլ զարմանում ենք, որ ժողովուրդը Հայաստանի նորությունները գերադասում է իմանալ դեյ.ազից ու ամեկպլյուսից։ |
|
|
| Արտասահմանյան մամուլը՝ հայերեն |
[Jun. 5th, 2008|07:19 pm] |
InoSMI.ru-ի հայկական տարբերակը՝ Արտմամուլ
Թարգմանվում են Հայաստանին ու հայերին վերաբերվող կարևոր հոդվածներ։ |
|
|
| ԹԱԼԱՆԵԼ ԵՆ PANORAMA.AM-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
[May. 17th, 2008|11:22 pm] |
ԹԱԼԱՆԵԼ ԵՆ PANORAMA.AM-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Panorama.am տեղեկատվական կայքէջն իր աշխատանքը կսկսի սովորականից մի փոքր ուշ: Առավոտյան լրագրողները հայտնաբերել են, որ անհայտ անձինք թալանել են խմբագրությունը: Գողերը ներս են մտել կոտրելով դարպասի կողպեքը, այնուհետև խմբագրության սենյակներից մեկի ճաղավանդակը, ապա հանել պատուհաններից մեկի մի փեղկը: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը:
Գողերը տարել են մի քանի համակարգիչներ, կապի միջոցներ, ձայնագրող և լուսանկարող սարքեր, նաև այն համակարգիչը, որի մեջ էր խմբագրության ողջ արխիվը:
Խմբագրությունը միջադեպի մասին ցանկացած տեղեկություն հաղորդողին խոստանում է դրամական հատուցում:
Աղբյուր` Panorama.am |
|
|
| Ցեղասպանության մասին ռադիոհաղորդում... |
[Apr. 24th, 2008|11:13 pm] |
... Հայաստանի հանրային ռադիոյի երիտասարդական ծրագրով։
Հաղորդման ընթացքում լրագրողի հարցերին պատասխանում են Դեմոյան Հայկը, kornelij-ն, ermeni-ն, եւ ձեր խոնարհ ծառան։
Հաղորդման ձայնագրությունը (.wma, 35 րոպե)
Ի դեպ, որոշ սխալներ կան. օրինակ՝ «Ներսես Պողոսյանը» ասել էր, որ աջակցում է genocide.ru ու ArmenianHouse.org կայքերի աշխատանքին, բայց հաղորդման հեղինակներին թվացել է, թե Ներսեսը genocide.ru կայքի ստեղծնողն է։
Այնուամենայնիվ հաղորդումը հետաքրքիր կլինի այն մարդկանց համար, ով ցանկանում է գաղափար կազմել Մեծ Եղեռնի հարցին հայ ու հատկապես հայաստանաբնակ երիտասարդության վերաբերմունքի մասին։ Օրինակ՝ մի երիտասարդ ասում է. «Սասունցի եմ, պատրաստ եմ կյանքս տալ հանուն ցեղասպանության ճանաչման»։ Շատ լավ երեւում է, որ լուրջ խնդիր ունենք ճիշտ նպատակներ դնելու, խնդիր ունենք բացատրելու, որ պետք է Սասնա համար պայքարել, այլ ոչ թե օտարերկրյա պոռնիկ քաղաքական գործիչների կողմից պատմական փաստի «ճանաչման» համար։ |
|
|
| Առավոտը՝ մեր մասին |
[Jan. 28th, 2008|05:38 pm] |
«Առավոտ» թերթը հայտնագործել է հայկական բլոգոսֆերան։ Այնուհետեւ, զրուցելով uzogh-ի հետ ու քրքրելով մեր մատյանները՝ եկել այն եզրակացության, որ հայ բլոգերները «չեն սիրում քաղաքական խաղեր, արհամարհում են համասեռամոլներին»։ Հիմա հասկանում եք, չէ՞, որ հարցերն են ամենից շատ հուզում լրագրողներին։ Այս գլուխգործոցը կարող եք կարդալ այստեղ. http://new.aravot.am/am/articles/society/35529/view Կենդանի հղում չեմ դնի, քանի որ մեր մատյաններից եւ ոչ մեկի վրա կենդանի հղում չեն տվել։ Չգիտեմ թե ինչու, բայց հոդվածը գտնվում է «Հասարակություն եւ ֆինանսներ» բաժնում։ Газета «Аравот» открыла для себя армянскую блогосферу. Далее, побеседовав с uzogh и покопавшись в наших журналах, пришла к выводу, что армянские блогеры «не любят политических игр и презирают гомосексуалистов». Теперь понимаете какие вопросы больше всего волнуют журналистов? Этот шедевр можно прочитать тут: http://new.aravot.am/am/articles/society/35529/view Живой ссылки давать не буду, поскольку ни одной живой ссылки на наши блоги там не поставлено. Почему-то статья висит в рубрике «Общество и финансы» |
|
|
| Պիառի արվեստը |
[Jan. 28th, 2008|10:31 am] |
Եկեք ուսումնասիրենք ԱՄՆ նախագայական թեկնածու Հիլլարի Քլինթոնի նախընտրական կայքը, ավելի կոնկրետ՝ հայտարարությունների, ելույթների ու նորությունների արխիվի էջը։ Այժմ փորձեք գտնել այդ էջում «Obama» բառը։ Գտա՞ք։ Ուշադրություն դարձրեք, որ այն հանդիպում է միայն Օբամային քննադատող հոդվածների վերնագրերում։
Ավելին... Սովորաբար վերնագրերում մանրամասն պարզաբանված է, թե ինչի մասին է այս կամ այն հոդվածը, հայտարարությունը։ Օրինակ՝ «Statement from Hillary Clinton Regarding Today’s Agreement on Economic Stimulus» կամ «Statement by Senator Hillary Clinton on Today’s News of Housing Slump in South Carolina»։ Ընդամենը մի քանի հայտարարություններ են, որ վերնագրված են միայն անորոշ «Statement from Hillary Clinton» տողով (պարզ ասած «ցրողական» վերնագրերով են)։ Եկեք նայենք, թե որ հայտարարություններն են արժանացել այսպիսի «անուշադրության»։
Օրինակ, փորձեք կռահել սույն թվականի հունվարի 26-ին արված հայտարարության (1/26: Statement from Hillary Clinton) բովանդակությունը։ Կռահեցի՞ք։ Հայտարարությունում Քլինթոնը շնորհավորում է (ավելի ճիշտ, ստիպված է շնորհավորել) Հարավային Կարոլինա նահանգում հաղթանակած իր մրցակից Օբամային։ Ու չնայած, որ մրցակցի հաղթանակը հիշատակվում է միայն մեկ տողով, միեւնույն է, Քլինթոնի օգնականները վերնագրել են այդ հոդվածը այնպես, որ այն հնարավորին չափ քիչ մարդու հետաքրքրի։
Նույն վերնագրով, այս անգամ 2007 թ. նոյեմբերի 20-ին արված մեկ այլ հայտարությունում, Հիլլարին ստիպված է մեկնաբանել իր կողմից Բառակ Օբամային հասցեագրված «կպնողական» մի ռեպլիկ, որի համար բավականին քննադատվեց մամուլի կողմից։ Ընդ որում, մեկնաբանելուց ոչ թե ներողություն է հայցում, այլ ինքն իրեն է գովաբանում՝ առանց ընդհանրապես հիշատակելու իր ախոյանի անունը։
Այսքանը գրեցի, ուղղակի հիշեցնելու հետեւյալ պարզ իրողությունը. քաղաքականության մեջ ներում-բեկում չկա։ Քլինթոնի ագրեսիվ տեղեկատվական քաղաքականությունը իր (ընդամենը ներկուսակցական!) ախոյանի նկատմամբ, ոչնչով չի տարբերվում, օրինակ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների վարած քաղաքականությունից հայերի նկատմամբ։ Արհամարհանքով ու հեգնանքով ենք վերաբերվում ադրբեջանցի թուրքերի հիստերիկ թվացյալ վարվելակերպին, ազատ մեջբերումներ ենք անում ադրբեջանական մամուլից (հաճախ նույնիսկ առանց մեկնաբանելու դրանք), զոհ գնալով անիմաստ «քաղաքավարիությանը» փորձում ենք հնարավորին չափ մեղմ ձեւակերպումներ օգտագործել (օրինակ՝ «ազատագրված տարածք» եզրի փոխարեն օգտագործելով «անվտանգության գոտի» եզրը)։ Փորձում ենք անկողմնակալ լինել, չենք զլանում ուղիղ հղումներ տալ բացահայտորեն հակահայկական նյութերի վրա։ Բայց այդպիսով ջուր ենք լցնում թշնամու ջաղացին. հակահայկական քարոզչությունը կասեցնելու փոխարեն, ընդհակառակը՝ օգնում ենք այն տարածել։
Նույնը կարելի է ասել Լեւոն Խավարովիչի մութ կերպարը անընդհատ լույս աշխարհ բերող իմ ընկերներին՝ պետք չէ անընդհատ այդ անունը շոշափել, նույնիսկ բացասական ենթատեքստում։ Ամեն անգամ այդ մարդու անունը արտասանելով՝ եւս մեկ անգամ ամրագրում եք այն ձեր ընթերցողների ուղեղներում, ամեն անգամ իր հայտարարությունները քննադատելով, ավելի եք օգնում դրանց տարածմանը։ |
|
|
| Արգամ Այվազյանի հարցազրույցը «Ազգ» օրաթերթին |
[Dec. 12th, 2007|07:00 pm] |
Արգամ Այվազյանի անունը երեւի թե բոլորիդ ծանոթ է։ Եթե ծանոթ չէ, ասեմ. վերջին 30 տարիների ընթացքում նա զբաղվել է Նախիջեւանի հայկական հուշարձանների գրանցմամբ, լուսանկարելով։ Իր շնորհիվ է, որ այսօր հնարավորություն ունենք տեսնելու Ջուղայի խաչքարների գոնե լուսանկարները։
ArmenianHouse.org գրադարանում կարող եք ընթերցել իր «Ջուղա» գիրքը կամ էլ նայել լուսանկարները։
Վերջերս Այվազյանը ԱՄՆ մի քանի քաղաքներում Նախիջեւանի հայկական հուշարձանների մասին ելույթներ ունեցավ։ Ադրբեջանցի թուրքերը՝ պետական մակարդակով ամեն ինչ արեցին այդ ելույթները տապալելու համար։ Այվազյանը պատմում է «Ազգ» թերթի լրագրողին ոչ միայն հակառակորդի գործողությունների, այլ նաեւ ՀՀ արտգործնախարարության ու սփյուռքահայ կազմակերպությունների հանցագործ անտարբերության մասին։ |
|
|
| Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին |
[Nov. 23rd, 2007|03:26 pm] |
Չեմ սիրում, երբ Նժդեհին տեղի-անտեղի մեջբերում են, բայց տվյալ դեպքում շատ դիպուկ է գրել.
Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին։
Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ՝ առանց խայթւելու։ Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն — ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը։ Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով — «սրիկայ», «առաւփախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայտառակութեան դրօշ», եւլն.։
Շնորհակալ եմ nrbakert_tashuk-ին, այս հատվածը տպագրելու համար։ |
|
|
| Թափանցիկության մասին |
[Nov. 9th, 2007|02:56 pm] |
Վերջին տարիներին Արեւմուտքից վերցված մի նոր հասկացություն է մտել շրջանառության մեջ՝ թափանցիկություն։ Ենթադրվում է, որ թափանցիկությունը լավ բան է. հասարակության համար ցանկացած կարեւոր գործընթաց իր ցանկացած փուլում պետք է լրիվ պարզ ու տեսանելի լինի հասարակության անդամների համար։ Օրինակ՝ այս կամ այն կառույցի շինարարություն ինչպես թույլատրվեց քաղաքապետարանի կողմից, ինչ գումարներ են հատկացվել, ինչպես են այդ գումարները ծախսվել, եւ այլն։
Թափանցիկության մասին շատ են սիրում խոսել թե´ ընդդիմադիր մամուլ կոչվածը (պահանջատիրական երանգով), թե´ հենց իրենք՝ ոտքից գլուխ կաշառակերության մեջ խրված պաշտոնյաները (գովաբանական երանգով)։
Պաշտոնյաների երկերեսանիության մասին բոլորս էլ գիտենք։ Հարց է ծագում. իսկ ինչքանո՞վ է թափանցիկ պահանջողների աշխատանքը։ Ինչո՞ւ ընդդիմադիր ԶԼՄ-ներն ու տեղեկատվական դաշտում գործող հասարակական կազմակերպությունները ամեն ամիս չեն հրատարակում իրենց եկամուտների աղբյուրները, ցույց տալիս, թե գումարը ինչպես ծախսվեց։
Պարզ է, պետությունը ի դեմս հարկային տեսչության պետք է, որ տեղյակ լինի այս ամենից, բայց ինչո՞ւ հենց ընթերցողին այդ մասին չեն պատմում։ Պարզ ձեւով, այնպես, որ շարքային ընթերցողին հասկանալի լինի, թե ում կողմից է ֆինանսավորվում տեղեկատվական դաշտում գործող այս կամ այն միավորը... Այդ տարբերակով ընդդիմադիր մամուլը շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ բարոյական հիմքեր կունենա ուրիշներից թափանցիկություն պահանջելու։ |
|
|
| «Իսկ ձեր մայրիկին հեռուստացույցով ցույց են տալիս» |
[Nov. 6th, 2007|08:57 pm] |
CNN եւ Եվրոնյուզ հեռուստաալիքներով 2008 թ-ին նույնպես կհեռարձակվեն Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակներ«CNN» եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով 2008 թ-ին նույնպես կհեռարձակվեն Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակներ։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2008 թ-ի ՀՀ պետբյուջեի նախագծով նախատեսվում է տեսահոլովակների հեռարձակմանը հատկացնել 180 մլն դրամ։ Նշենք, որ այս տարի ՀՀ պետբյուջեից այդ ուղղությամբ հատկացվել է նույնքան գումար։ Աղբյուր. ՀՀ հանրային ռադիո
Եթե հիշում եք, ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ միջոցների սակավության պատճառով տարեցտարի ավելի դժվարանում է թուրք-ադրբեջանական քարոզչությանը դիմակայելը։ Հարց է ծագում, «միջոցների սակավության» պայմաններում ինչքանո՞վ է ճիշտ տարեկան կես միլիոն դոլար ծախսել CNN-ով ու Եւրոնյուզով գովազդային հոլովակներ ցույց տալու վրա։ Արդյո՞ք տեղեկատվական դաշտում ավելի առաջնային ուղղություններ չկան։ |
|
|
| Ինչ կարելի է եւ ինչ չի կարելի ասել հայկական մամուլում |
[Oct. 11th, 2007|05:28 pm] |
Լիբերալ (իրականում՝ հհշամետ) թեւը շատ է սիրում դժգոհել գրաքննությունից, խոսքի ազատության բացակայությունից, եւ այլն։ Բայց սովորաբար հենց իրենց ձայներն ու կարծիքներն են ամենուրեք հնչում։
Իսկ իրական գրաքննությունը տեղի է ունենում լուռումունջ, դրա մասին քչերն են իմանում։ «Տաբու» դարձած թեմաներից է ազատագրված տարածքի խնդիրը։ Օրինակ՝ երեկ «Ազգ» թերթը տպեց Արմեն Այվազյանի հետ հարցազրույց ԱՄՆ կոնգրեսի 106-րդ բանաձեւի վերաբերյալ. Հայաստանը պետք է քաղաքականություն մշակի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի համար։ Սակայն հոդվածի ամենակարեւոր ավարտական մասը այդպես էլ ընթերցողներին չհասավ։ Ահա այն. Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ: Միջազգային համայնքը, ճանաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրավունքը Արցախի, ներառյալ ողջ ազատագրված տարածքի վրա։ Մինչդեռ վերջերս արևմուտքում՝ ԶԼՄ-ների հրապարակումներում ու նաև որոշ պետությունների քաղաքականության մեջ, Հայոց ցեղասպանության արծարծումների աճին զուգընթաց, սկսում է նկատվել Արցախյան հակամարտության հանդեպ ադրբեջանամետ կեցվածքի ամրապնդման խիստ վտանգավոր միտում, որը կարող է լիովին արժեզրկել ցեղասպանության ճանաչման և դատապարտման ողջ գործընթացը։
Վերը նշված պատասխանատվության և փոխհատուցման չափանիշերն առայժմ միջազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում չեն գրանցվել։ Այդ առումով բացառություն չէ նաև 106-րդ բանաձևը։ Սակայն ժամանակն այլևս չի սպասում։ Հայաստանը պետք է այսօր իսկ մշակի և անհապաղ սկսի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի քաղաքականության իրականացումը։ Վաղը, երբ կունենանք մի կողմից միջազգային համընդհանուր ճանաչում, մյուս կողմից՝ ահագնացող ձուլումից նոսրացած ու թուլացած սփյուռքահայություն՝ արդեն ուշ է լինելու։
Հայաստանի արտաքին քաղաքականության պրագմատիզմը կայանում է ոչ թե Թուրքիայի ակնհայտ թշնամությունն անտեսելու, այլ Հայկական հարցը համակողմանիորեն վերարծարծելու մեջ, ներառյալ ու հատկապես տարածքային փոխհատուցման վերաբերյալ իր առաջարկելիք քաղաքականապես իրապաշտ լուծումներում։
ԱՎԵԼԱՑՈՒՄ. Այսօր Ազգ-ի կայքում պակաս հատվածը ավելացրել են։ Այնպես որ իմ երեկվա դժգոհությունը այսօր արդեն անհիմն է։ |
|
|
| Արցախյան թեմայով ռազբիրատ ArmeniaTV-ով |
[Sep. 10th, 2007|06:17 pm] |
Այսպիսի խայտառակություն հայկական որեւէ հեռուստաալիքով վաղուց չէի տեսել։ Ու դատելով այն բանից, որ հաջորդ օրը ողջ քաղաքն էր խոսում այդ "կլոր սեղանի" մասին, միայն ես չէի ապշել։ ar_vest-ը այդ թեմայով արդեն արտահայտվել է։
Հաղորդումից հետո Արմեն Այվազյանը ասաց, որ եթե նախօրոք իմանար հրավիրվածների կազմը, հաստատ չէր մասնակցի այդ բալագանին։ Իրեն ասել էին, թե իբր "նեյտրալ մարդիկ" են լինելու, առանց անունները ճշտելու։ Նաև Ռոբերտ Սահակյանցի դիրքը (մեղմ ասած) զարմացրեց։
Փաստորեն Արմենը դժվար ընտրության առաջ էր կանգնած. կամ պետք է շուկայական ռազբիրատների կանոններին համաձայն փորձեր լաչառությամբ գերազանցել իր զրուցակիցներին, կամ էլ պետք է քաղաքակիրթ բանավեճի սահմաններում մնար, հաստատ գիտենալով, որ փորձելու են բերանը փակել։ Ընտրեց երկրորդ տարբերակը ու գրեթե չթողեցին խոսել, մի քանի անգամ էլ իր հասցեին ուղղակի վիրավորական ռեպլիկներ նետեցին։
Հաղորդավարների մասնագիտական մակարդակից էլ չխոսեմ։ Կամ էլ, ինչը ավելի հավանական է, Բլեյանին ու Սահակյանցին "պադդեռժկա" էին անում. հակառակ դեպքում պարզ չէ, ինչու էր Բլեյանին թույլատրվում տաս-տասնհինգ րոպե փիլիսոփայել հաղորդման թեմայի հետ կապ չունեցող հարցերով, այն դեպքում, երբ Այվազյանը փորձում էր պատասխան տալ, միանգամից հիշեցնում էին ժամանակի սղության ու ռեգլամենտի մասին։
Բայց ինձ ամենից շատ հուզողը այս հաղորդումը չէր։ Մի կողմ դնելով Բլեյանի հայացքները, հարց եմ տալիս. ինչպե՞ս կարող է Աշոտ Բլեյանը, չունենալով տրամաբանական մտածողության նշույլ անգամ, լինելով տարրական քաղաքավարությունից լրիվ զուրկ, ունենալով սեռական հողի վրա ակնհայտ խնդիրներ (քաղաքական թեմայով հաղորդման ընթացքում անընդհատ անտեղի հիշատակում էր դահլիճում նստած "սիրուն ջահել աղջիկներին"), միաժամանակ լինել Երեւանի ամենախոշոր դպրոցներից մեկի տնօրենը։ Ես այդ մարդուն ըսկի կատվի ձագի դաստիարակությունը չէի վստահի, ուր մնաց 2300 երեխայի։
Մի խոսքով, ինքներդ դիտեք այս հրաշքը։ Մեկ ժամ տասներկու րոպե է տեւողությունը, բայց մի շնչով է նայվում, հաստատ չեք հասցնի ձանձրանալ։
P.S. Երեւանցիներին կարող եմ ողջ հոլովակը մեկ ֆայլով տալ։ |
|
|
| Թուրքերը բիրիկով են առնում, հայերն էլ բիրիկով ծախվում... |
[Jun. 13th, 2007|10:29 am] |
Եթե մոտակա ժամանակներում հայկական ԶԼՄ-ները հեղեղվեն թուրքամետ հրապարակումներով, չզարմանաք։ Ինչպես հայտնում է Պանորամա.am կայքը...
40 ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԿՄԵԿՆԵՆ ԹՈՒՐՔԻԱ Օրերս ավարտվել է «Սպորտ և Մեդիա 2007» փառատոնին հայ լրագրողների հավատարմագրման գործընթացը, որին մասնակցելու են աննախադեպ քանակով լրագրողներ։ Ինչպես Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց «Սպորտի աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիր, փառատոնի կազմակերպիչ Ալեքսանդր Բոյկոն, մասնակիցների քանակը սահմանափակ է, քանզի փառատոնը անցկացվելու է Ստամբուլում։ Նախորդ տարի, երբ փառատոնը տեղի ունեցավ Սևանում, մենք լրագրողներին համոզում էինք, որպեսզի նրանք մասնակցեն։ Սակայն այսօր արդեն պատկերն այլ է, և ցանկացողների քանակը շատ մեծ է»,- ասաց Բոյկոն։
Հայաստանից կմասնակցեն 40 լրագրողներ, Թուրքիայից` 120, Ռուսաստանից` 30, Ուկրաինայից` 10, Հունաստանից` 2: Չի բացառվում, որ մասնակցեն նաև լրագրողներ Իրանից, Սիրիայից և Բուլղարիայից։
«Թուրքիայի պետական և կոմերցիոն կառույցները հետաքրքրված են, որ փառատոնը կազմակերպվի բարձր մակարդակով», - ընդգծեց կազմակերպիչը։
Ժուռնալիսները մրցելու են տարբեր մարզաձևերում։ Հաղթողները կպարգևատրվեն գավաթով և պատվոգրերով։ Բացի այդ, նախատեսված է, որ թուրք լրագրողները իրենց հայազգի գործընկերներին կհրավիրեն խմբագրությւոններ և կծանոթացնեն իրենց աշխատանքին։
|
|
|