| ՀՀ նորություններ |
[Sep. 1st, 2007|06:22 pm] |
Առաջինը, չնայած, ոչ էլ թե առանձնապես նորություն է.
«Հայկական երկաթգծեր» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացը կարող է ավարտվել 2008 թվականի սկզբին: Այս մասին, այսօր բրիֆինգի ժամանակ հայտնել է Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա նշել է, որ ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու նախնական մրցույթը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին, որին մասնակցելու համար արդեն այսօր դիմել են 45 ընկերություններ, որոնց անունները նախարարը նախընտրեց չհրապարակել։ Երկաթուղին վաճառելուց հետո կմնան միայն ճանապարհները։ Մի երեք, ամենաշատը՝ չորս տարուց ճանապարհներն էլ կսկսեն վաճառել։
* * * * *
Երկրորդ նորությունը կրթական համակարգից է.
«Այս տարի, նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատ, առաջին դասարանցիների թիվը պակասել է 3-4 հազարով: Շրջանավարտների թիվը մոտավորապես կազմում է 49-50 հազար աշակերտ»,-այսօր ասաց ԿԳՆ միջնակարգ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ժողովրդագրական տեսակետից այս թվերի մասին արդեն գրել եմ. համեմատեք թվերը՝ ավարտել են 49–50 հազար, ընդունվել՝ 30 հազար։
Մի մանրամասնում էլ.
«եթե անցյալ տարի առաջին դասարանցիները այբուբենը սերտում են 3 ամսում, ապա հիմա նրանք այդ կարող են հաղթահարել մինչև ապրիլ» Ինչ լավ ա, չէ՞։ |
|
|
| Չոր ու ցամաք թվեր |
[Aug. 28th, 2007|09:56 pm] |
Նոյան Տապան գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 27-ի տվյալներով Երեւանի դպրոցներում գրանցվել են 8115 առաջին դասարանցիներ, իսկ համաձայն panorama.am-ի, դրանք 2001 թ. ծնված երեխաներն են։
Ենթադրենք, որ մինչեւ սեպտեմբերի մեկը թիվը կհասնի 8500-ի։ Ենթադրենք, որ ՀՀ բնակչությունը այլ շրջաններում առնվազն 2.5 անգամ ավել է ենթադրաբար միլլիոնանոց Երեւանից։
Այսպիսով, 8500 * 3.5 = 29750 երեխա։ Հաշվենք 30000։ Հաշվենք, որ այդ երեխաներից 50% տղաներ են, ու բոլորն էլ 18 տարեկան բոլորելիս դեռ Հայաստանում բնակվելիս կլինեն, ու բոլորն էլ կլինեն միանգամայն առողջ։ Այսինքն ամենալավատեսական (չափազանց լավատեսական) հաշվարկներով 2019 թվականին ընդամենը 15000 պատանի կկարողանա ընդգրկվել ՀՀ զինված ուժերում։
ԱՎԵԼԱՑՈՒՄ.
Քանի որ որոշ հարցեր առաջացան մեկնաբանություններում, նայեցի նաեւ 2001թ. ծնունդների վերաբերյալ վիճակագրական տվյալները (տես Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2002)։ Հետաքրքիր է, որ տարեգրքում չեն գրում ծնունդների հստակ թիվը, չգիտես ինչու, միայն տալիս են ծնունդների քանակը ըստ հազար բնակչի։ Ինչեւէ, միեւնույն է կարելի է հաշվել։ Նաեւ հաշվի առնելով, որ 2001 թ. մարդահամար է անցկացվել, տվյալները պետք է, որ քիչ թե շատ ճշգրիտ լինեն։ (Ինչքանով դա ընդհանրապես հնարավոր է մեր պետությունում։) Եւ այսպես...
Բնակչության քանակը ......................... 3212.9 հազար 1000 բնակչի հաշվով ծնվածներ ................. 10 Մինչեւ մեկ տարեկան մահացած երեխաներ ........ 15.4 (1000 կենդանածինների հաշվով)
Փաստորեն, ըստ վիճակագրական տվյալների, 2001 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 10×3212.9 = 32129 երեխա, որոնցից 15.4×32.129 = 494-ը մահացել են մինչեւ առաջին տարին բոլորելը։ Այսինքն ծնվածներից 32129 − 494 = 31635 երեխա կենդանի էր 2002 թվականին։
Այսինքն իմ նախկին կոպիտ հաշվարկը պաշտոնական տվյալներից ընդամենը 1635-ով էր տարբերվում։ Եթե հաշվի առնենք նաև արտագաղթն ու այն տխուր փաստը, որ վեց տարվա ընթացքում 2001 թ. ծնված երեխաների մի որոշ (համեմատաբար փոքր, բայց միեւնույն է ինչ-որ թիվ կազմող) երեխաների մի մասը մահացել են, ապա տարբերությունը էլ ավելի կփոքրանա։ |
|
|
| Գիտատեխնիկական պրոգրեսը մեր կյանքում |
[Jul. 5th, 2007|12:06 pm] |
Անցած աշնանը freedomfight777-ի հետ շրջում էինք Գյումրիի դպրոցներում։ Այցելեցինք նաեւ Գյումրիի մոտակա գյուղերից մեկի դպրոցը։ Երեխաներ էի լուսանկարում բարեգործական կազմակերպություններից մեկի գովազդի համար։ Այդ դպրոցում մի տարօրինակ բան նկատեցի՝ առաջինից մինչեւ երրորդ դասարաններում տղաների թիվը անհամաչափորեն մեծ էր։ Ասենք 20 հոգիանոց դասարանում 6-7 աղջիկ կար, մնացածը՝ տղաներ։
Ավելի ճիշտ, միանգամից ոչ էլ թե ուշադրություն դարձրեցի, արդեն երբ գնում էինք, նոր հասկացա, որ ցածր դասարաններում անսովոր քիչ էին աղջիկները։ Ասացինք այս մասին մեր վարորդին։ Պատասխանն ուղղակի ջախջախիչ էր.
— Հիվանդանոցներում «էխո» են դրել։ — ? — Գեղացիք, որ տեսնում են աղջիկ ա, աբորտ են անում։ |
|
|
| Չարեփոխումներ |
[Jun. 21st, 2007|05:17 pm] |
freedomfight777 մի լավ բառ ունի՝ «չարեփոխումներ»։ Հաճախ այն, ինչ ներկայացվում է որպես բարեփոխում, իրականում չարեփոխում է, որ հարվածի տակ է դնում հասարակական շահերը հանուն մի քանի հոգու անձնական շահերի։ Կարդացի իր գրառումը կրթության ոլորտում չարեփոխումների մասին ու մի հարց ծագեց մոտս. տեսնես ե՞րբ Հայաստանում կհայտնվի առաջին մասնավոր ԲՈՒՀ-ը, որտեղ ընդունվելն ու սովորելը ավելի դժվար կլինի, քան թե պետական ԲՈՒՀ-երից ցանկացածում։
aerial_vortex-ն էլ գրում է երիտասարդ ընտանիքներին օգնելու ոլորտում բարեփոխ... չարեփոխումների մասին։ Տժում են բոլորը։ |
|
|