Пессимист — это хорошо информированный оптимист. Սովետական ժողովրդական ասացվածք
Խռովությունը ջախջախվեց, խռովարարների պարագլուխների հարցերն էլ լուծում են։ Հուսով եմ՝ հիմնավոր կերպով։
Խռովությանը հարած շատ ու շատ միամիտ մարդիկ էլ կտուժեն։ Ինչպես եւ անցյալում, գերտականք Տեր-Պետրոսյանի գործունեության շնորհիվ երիտասարդության մի մեծ խմբի մարտաշունչ ոգին կոտրվեց, ստեղծագործ եռանդն էլ կձևափոխվի ավերիչ եռանդի։ Նիհիլիզմ, ցինիզմ... սրան գումարենք ներկայիս վերնախավից տարածվող հարստության ու ճոխության մոլուցքի վարակը՝ համընդհանուր անասնացումը միայն ուժեղանալու է։
Խռովության մեկ այլ արդյունքը «քաքը ջրի երես հանելն» էր, այսինքն շատ բացասական երեւույթներ ակնհայտ դարձան՝ սկսած գլուխներում ու հոգիներում կուտակվածից, վերջացրած պետական մեքենայի մութ ծալքերում թաքնվածներից։ Սրտի ցավով պետք է ակնարկեմ, որ այնուամենայնիվ մաքրման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ մաքուր հոսանք այդպես էլ չհայտնվեց, որ գարշահոտ այս զանգվածը քշեր տաներ։ Ընդհակառակը՝ քաքը մնաց մեր առեւտրական հանրապետության ճահճում ու դեռ երկար է թունավորելու առանց այն էլ անառողջ միջավայրը։
Ներկա ճգնաժամը առաջին հերթին համակարգային էր, բայց համակարգի վերեւում դա չուզեցին հասկանալ։ Մակերեսային փոփոխություններ արվում են ու դեռ էլի կարվեն, բայց ոչ խորքային։ Ավելին, վերնախավում ուժեղացան օտար գաղափարախոսությունների ազդեցության տակ գտնվողների դիրքերը, ինչը էլ ավելի կկտրի վերնախավը հայկական իրականությունից։ Ինչն իր հերթին նշանակում է, որ հաջորդ ճգնաժամի հիմքը արդեն դրված է, եւ այն շատ ավելի աղետալի է լինելու քան Լեհովայի վկաների ապստամբությունը։
Խռովությունը շատ լավ ցույց տվեց իշխանությունների կադրային քաղաքականության խայտառակ արդյունքները։ Երեք օր շարունակ պաշտոնյա առնետները ծակուծուկներում էին թաքնված ու սպասում էին, թե ով կհաղթի, որ գնան հաղթողի հետույքին շրթերով հպվեն։ Դավաճաններ, պոտենցիալ դավաճաններ, անգրագետներ՝ ահա սա է մեր չինովնիկությունը՝ հատուկենտ բացառություններով։ Սակայն այստեղ էլ անիմաստ է մեծ փոփոխություններ ակնկալել, քանի որ վարչական ապարատը պետք է զրոյից կառուցել, իսկ իշխանությունը հիմա այնպիսի վիճակում չէ, որ համարձակվի նման կտրուկ քայլերի դիմել։ Բայց նույնիսկ եթե ցանկություն էլ լիներ, միեւնույն է, իշխանությունը անզոր է որեւէ բան անել՝ ազգային որակյալ կադրերի բացակայության պատճառով։ Զուր չէր Արեւմուտքը տքնաջանորեն ավիրում Հայաստանի կրթական համակարգը. այսօր միակ ընտրությունը անգրագետ կաշառակերների ու օտարամոլ ազգալիքների մեջ է։
* * *
Ճակատամարտն ավարտվեց, բայց ինքնասպան պատերազմը դեռ նոր է սկսվել։ Ինչպես ամեն մի պատերազմ այն պաշարներ է խժռելու՝ ազգի ներքին պաշարները։ Կրիտիկական մինիմումը ահա արդեն մեր առջևն է՝ մեկ-երկու քայլ է մնացել... 14 տարի հայությանը դրսից ու ներսից հասցվող աննկատ, բայց նպատակաուղղված հարվածները՝ վերնախավի անսահման ագահության ու գավառական անհեռատեսության հետ միասին մեզ ոչնչացման եզրին են կանգնեցրել։
Ինչեւէ, նահանջի տեղ արդեն չի մնացել, հանձնվելն էլ տարբերակ չէ, որովհետեւ այս պատերազմում գերիներ չեն վերցնում, կոտորում են անխնա թե´ մեծ, թե´ փոքր, թե´ արդար, թե´ անարդար։
Նշանակում է ուրիշ ելք չունենք. պետք է ողջ ուժերը կուտակենք, ուղղենք նոր համակարգ կառուցելուն։ Պետք է անընդհատ հիշենք, որ ժամանակը քիչ է, պաշարները՝ սուղ։ Այս ընթացքում պետք է հնարավորին չափ խուսափենք օտար խաղերից, բացահայտ բախումներից, մեր էներգիան խժռող անիմաստ վեճերից ու ամպագորգոռ հայտարարություններից։ Հույս չդնենք Հայաստանի պետական կառույցների, Սփյուռքի, անիմաստ դիվանագիտական խաղերի վրա։
Մենք ու մենք ենք։ |