karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Գրել թե չգրել մատյանում

noni_no -ն գրել էր Ֆեյսբուքում, որ վերջ, մատյանը պահում է։ khlurd -ն էլ ասում է, որ քանի բոլորը լքել են Կենդանի Մատյանը, կարելի է արխային գրել, դեմքիդ հազար հոգի չի թռնի։

Ցանկացած դեպքում, որպես պահուստային աերոդրոմ Կենդանի Մատյանը դեռ ունի կյանքի իրավունք։ Ի վերջո, եթե բոլորը գնան, մի գեղեցիկ օր հայտարարելու է, թե փակվում եմ, տիկնայք ու պարոնայք, ձեր փասափուսեքը հավաքեք, կորեք այստեղից։

Գրառումներն, իհարկե, կարող ենք պահել։ Իսկ մեկնաբանությունները՞։ Շատ գրառումների տակ ահագին հետաքրքիր՝ երբեմն նույնիսկ սկզբնական գրառումից էլ ավելի կարևոր, մեկնաբանություններ կան։

Մի խոսքով, դեռ կարելի է հոս ոտքներս «կախ գցել»։

karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Օբաման կրճատեց Վիկիլիքսի հերոսի (կամ հերոսուհու) ազատազրկման ժամկետը

Wikileaks.org կայքն աշխարհում հայտնի դարձավ, երբ 2010 թ. նոյեմբերին հրապարակեց ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի նամակագրությունը՝ հարյուր հազարավոր փաստաթղթեր, այդ թվում և տեսանյութեր, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի և ընդհանրապես աշխարհի բոլոր երկրների մասին։

Վիկիլիքսին այդ փաստաթղթերը փոխանցել էր ԱՄՆ զինված ուժերի վերլուծաբան Բրեդլի Մանինգը։ 2010 թ. ապրիլին նրան ձերբակալեցին, և 2013-ին դատապարտեցին 35 տարվա ազատազրկման։ Բանտում էլ Մանինգը հայտարարեց, որ պատրաստվում է «սեռը փոխել»։

Ոմանք Ամերիկայում և ընդհանրապես աշխարհում Մանինգին համարում են հերոս, որը բացահայտեց ԱՄՆ միջազգային քաղաքականության կեղտերը և ցինիզմը, որոշ ամերիկացիներ էլ (նամանավանդ զինվորականների շրջանում) համարում են նրան դավաճան։ Ինչևէ, 2017 թ. մայիսին պիտի որ արդեն դուրս բա բանտից (եթե գլուխը չուտեն կամ եթե ինքն իր գլուխը չուտի. ասում են՝ անցյալ տարի 2 անգամ փորձել է ինքնասպան լինել)։

Ինձ Մանինգի ձերբակալությունը հետաքրքրում էր Հայաստանում իրավապաշտպանների, մեր ժողովրդավար / ազատական / պայքարիստ լրագրողների արձագանքների տեսակետներից։ Նրանք, ովքեր դոշերը ծեծում էին և ցույցեր անում, օրինակ՝ հանուն Pussy Riot-ի, հանուն Իրանում ձերբակալված ինչ-որ բլոգգերների ևն, նույն այդ մարդիկ ընդհանրապես շրջանցում էին Մանինգի ձերբակալության և դատի, Ասանժին ու Սնոուդենին հետապնդելու թեման... Ի դեպ, Ասանժն արդեն 4 տարի է, ինչ նստած է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և չի կարողանում դուրս գալ, որ չձերբակալեն։

Չոմսկու և Հերմանի «արժանի և անարժան զոհերի» (worthy and unworthy victims) կոնցեպցիայի վառ օրինակներից...

Հ.Գ. Վիկիլիքսի թեմայով իմ գրառումները. http://ahousekeeper.livejournal.com/tag/wikileaks

karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Մեռել պարացնողները

2016-ի բավականին ոռի ծանր իրադարձություններից հետո մարդ մի տեսակ հավես էլ չունի քարոզչական մանր-մունր կեղտոտությունները մեկնաբանելու, բայց քանի որ տարեվերջին էլի սկսել են բանակի կորուստների թեման հիստերիկ ձևերով շահարկել, ստիպված գրում եմ...

Ընդհանրապես, դեկտեմբերի վերջն ու հունվարի սկիզբը անցնող/նախորդ տարվա ամփոփումներ անելու ժամանակն է։ Դա նորմալ է։ Օրինակ՝ քանի որ Razm.info-ն ռազմական լուրերի և վերլուծությունների ոլորտում է մասնագիտանում, ապա ամփոփում ենք համապատասխան թեմաները, այդ թվում հայկական ու ադրբեջանական զինված ուժերում տարվա կորուստները։ «Ամփոփել» նշանակում է փորձել լրատվակայքի նյութի ձևաչափով հնարավորինս լիարժեք պատկեր տալ կորուստների տիպի (մարտական թե ոչ մարտական, եթե ոչ մարտական, ապա ինչ պատճառներով ևն), զոհվածների կարգավիճակի (ժամկետային, թե պայմանագրային, թե սպա, թե աշխարհազորայիններ) և այլ կարևոր մանրամասների մասին։ Հունվարի սկզբին կհրապարակենք կորուստների ամփոփումները։ Սա այն թեման է, որտեղ «վռազելն» ու քլիքահավաքությունը, մեղմ ասած, սխալ է։

* * *

Իսկ, օրինակ՝ Վանաձորում կա «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, որը SafeSoldiers անունով կայք է աշխատացնում։ Կայքը հայկական զինուժում կորուստների առցանց բազա է, որտեղ ցուցակագրում են մեր զոհվածներին։ Ինչպես է այդ կայքի գոյությունը նպաստում խաղաղությանը և առավել ևս երկխոսությանը (և ում հետ են երկխոսում), ես չգիտեմ, բայց դա մի կողմ, թող ցուցակագրեն։

Թեպետ ըստ իս անվիճելի է, որ իրականում այդ ՀԿ-ն «խաղաղասիրության» քողի տակ հայկական լսարանին բարոյալքող քարոզչություն կերցնել փորձող հերթական դուքյանն է։ Հիմնավորեմ պնդումս կազմակերպության ներկայացուցիչների ելույթների թարմ օրինակներով...

Դեկտեմբերի 23. կազմակերպության նախագահը հայտարարում է. «Բանակում այս տարի 170 հայ զինվոր է մահացել»։ Ինչո՞ւ, ո՞նց, ի՞նչ հանգամանքներում... այդ մասին բան չկա, փոխարենը կա եեչիստական ստանդարտ վայ-վույը.

Ես մարդկանց գիտեմ, որ այսօր նախընտրում են գնալ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, ծառայել ռուսական բանակում, բայց չծառայել հայկական բանակում: Հայաստանում մարդ չկա, որ տանեն բանակ, բնակչություն չկա, արդեն հիվանդ մարդկանց են տանում։


Ես էլ մարդ գիտեմ, որ Ռուսաստանից գալիս են, հայկական բանակում ծառայում։ Հետո՞։ Ի՞նչ կապ ունի դա կորուստների հետ։

Էլ չասեմ, որ այդ 170-ն էլ է հավայի կրակոց, քանի որ իր հայտարարության պահին հենց իրենց կայքում միայն 159 զոհվածի անուն կար։ Այնպիսի տպավորություն է, որ «պլան կատարելու» ու «թիվ խփելու» խնդիր է լուծում խաղաղասերը։

Հարցն, իհարկե, զուտ թվերի սխալը չէ։ Հարցն այն է, որ էդ մարդը կես բերան չի ասում, թե այդ զոհերից քանիսն են մարտական ու քանիսն են ոչ մարտական։ Առավել ևս չի ասում, որ մարտական ստռեսի պայմաններում (որը ցանկացած մարտական իրավիճակն ուղեկցող երևույթ է) աճում են նաև ոչ մարտական կորուստները. պատահական կրակոցներից, վթարներից, դժբախտ պատահարներից... Չի ասում նաև, որ զոհվածներից առնվազն 16-ը աշխարհազորայիններ էին։

Եթե մարդը անկեղծ հետաքրքրված է զոհերի հարցով, ո՞րն է պատճառը, որ այս կարևոր հանգամանքների մասին լռում է։

Մի կարևոր հարց էլ. զոհվածներից երեքն էլ եզդի են, ոչ թե հայ։ Իհարկե, կարող էի գրել. «գուցե Էդգար Խաչատրյանի համար եզդիների զոհերը զոհ չե՞ն», բայց չեմ գրի, քանի որ համոզված եմ, որ մեծ հաշվով իր համար թե´ հայ, թե´ եզդի, թե´ ով ուզում է լինի կարևոր չեն, կարևորը էս անբարոյական քարոզչությունն առաջ տանելն է։

Դեկտեմբերի 27. նույն կազմակերպության փոխնախագահ, որպես «իրավապաշտպան» ներկայացող Ռուբեն Մարտիրոսյան. «Մեր ունեցած հավաստի տվյալներով՝ այս տարի եղել է զինծառայողների մահվան ելքով 159 դեպք, որոնցից 80-ը քառօրյա պատերազմի ժամանակ, իսկ 79-ը՝ խաղաղ պայմաններում»։

Ի տարբերություն իր շեֆին, Մարտիրոսյանը գոնե իրենց բազան նայել է, բայց մե´կ է, շարունակում է բլթցնել. ի՞նչ խեռիս «խաղաղ պայմանների» մասին է խոսքը, եթե կռիվները շարունակվել են ամբողջ ապրիլին ու մայիսի ընթացքում էլ, իսկ մարտական կորուստներ ամբողջ տարվա ընթացքում էլ ունենք։

Թեպետ, իհարկե, չեմ բացառում, որ գուցե իր ընկալմամբ 2016-ը ոչ միայն խաղաղ, այլ մի բան էլ (մեռել պարացնողների բիզնեսի համար) լավ էլ շահավետ տարի էր...

karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Կրթական համակարգ որբն ու նրա գլուխ խուզողները

Մի գեղեցիկ օր Բիլլ Գեյթսը որոշում է ամերիկյան դպրոցները փոխել. մեծ դպրոցները կիսել ավելի փոքր դպրոցների, որպեսզի ստեղծվի ավելի գողտրիկ մթնոլորտ, որը, ենթադրաբար, պիտի ավելի լավ ազդեր ամբողջ ուսումնական գործընթացի վրա։ Փող էլ չի ափսոսում իր այդ գաղափարի համար։ Ավաղ... մի քանի տարուց պարզ է դառնում, որ փորձը տապալվել է։ «Վայ, կներեք, լավ չստացվեց, անցանք առաջ, եկեք մի այլ բան փորձենք...», — ասում է Բիլլն ու անցնում հաջորդ էքսպերիմենտին։

Ու ոչ մեկի հարց չեն տալիս, թե այ ախպեր, էս ո՞նց եղավ, ո՞վ էր մեղավոր, ո՞վ պիտի պատասխան տա մի քանի միլիոն երեխայի կրթության հերն անիծելու համար։

Այս հոդվածում է. The Plot Against Public Education: How millionaires and billionaires are ruining our schools։

Մեծ հոդված է, լիքը օրինակներով այն մասին, թե ինչպես են բախվում կրթական ոլորտում զանազան բիզնեսների ու մարդկանց շահերը և ի վերջո այդ ամենից ինչպես է տուժում կրթական համակարգը, նաև՝ ոլորտում սիրուն պուպուշ գովազդային փուչիկների մասին։ Փաստորեն՝ կրթական համակարգն այն որբերից է, որ ով ուզի՝ փորձում է գլուխը խուզել։

Միացյալ Նահանգներն աշխարհի ամենահարուստ երկիրն է, մարդկային ռեսուրսների խնդիր էլ չունի։ Նույնիսկ եթե իրենք վարի տան տասնյակ միլիոնավոր դպրոցականների, միևնույն է 2–3 միլիոնանոց կրթված ու երկիրն աշխատացնելու ունակ սերունդ կմնա։ Այսինքն իրենք կարող են իրենց թույլ տալ այսպիսի փորձեր կամ մսխոցի...

Հայաստանն այդ հնարավորությունը չունի։ Դրսերից անմտորեն կրկնօրինակած գծագրերով «բարեփոխումները» հաճախ չարեփոխումներ են դառնում։ Ուղղակի շատ ժամանակ հարուստ միլիոնատիրոջ դերում արտասահմանյան դրամաշնորհներն են... Թեպետ իրականում միլիոնատերերի պակաս էլ չկա։ Ու խնդիրը միայն այն չէ, որ մսխվում են գումարներ, որոնցով կարելի էր Հայաստանին մրցակցային առավելություններ տալ։ Խնդիրն այն է, որ մսխվում են նաև մարդկային ռեսուրսներն ու շատ թանկարժեք ժամանակը։

Այսպիսի չարեփոխումների ամենավառ օրինակը 12-ամյա միջնակարգ կրթությունն է։ Բայց միակը չէ, լիքն են...
karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Մի ծակի պատմություն. ասք ՊՊԾ գնդի շենքի ծակ տանիքի մասին

ՊՊԾ գնդի գրավման ավարտից արդեն 3 շաբաթից ավելի անցել է։ Այդ օրերին բազմաթիվ մարդիկ ցանկացած պաշտոնական հաղորդագրություն սուտ էին հանում, «փորձագիտական վերլուծություններ» անում, սակայն օրեր անց չգիտես ինչու շատ արագ մոռացության մատնեցին թեման, թեպետ գրավողների հանձնվելուց հետո կարելի էր գնալ, եթե ոչ հենց գնդում, ապա գոնե գնդի շրջակայքում շատ բան ստուգել։

Ինչևէ, օգոստոսի 8-ին օպերատորի հետ այցելեցինք թե´ գնդի շրջակայքը, թե´ հենց գունդը, որպեսզի տեղում որոշ բաներ հասկանանք։ Ստորև՝ ղալմաղալի նախապատմությունը և այն, ինչ մենք կարողացանք տեղում տեսնել ու հասկանալ։ Collapse )

karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Ինչպես չդիմել դասընթացներին մասնակցելու, աշխատանքի դասավորվելու ևն

2008 թվականից դասընթացներ եմ կազմակերպում և վարում։ Այդ ընթացքում երևի 1000-ից ավելի դիմում ու CV եմ ընթերցել, հարյուրավոր հարցազրույցներ վարել։ Նշեմ, որ տարեցտարի դիմումների լրացման լեզվական որակն ընկնում է։ Որոշեցի վերջին 2–3 տարվա փորձիս վրա հիմնվելով՝ ցանկ կազմել դիմողների համար, թե ինչն է ինձ՝ որպես ընտրություն կատարողի, առավել նյարդայնացնում և, ըստ այդմ, խանգարում դիմողին նախնական ընտրության փուլն անցնելուն։
  • Դեռ 3–4 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ ստիպված կլինեմ նման բան գրել, բայց այսօր ստիպված եմ... YEREXEQ, չի կարելի դիմումի ձևը կամ հարցաթերթիկները լատինատառ հայերենով լրացնել, լատինատառ հայերենով տեքստեր ուղարկել, ընդհանրապես չի կարելի ֆորմալ նամակագրությունը լատինատառ հայերենով վարել։ NO! NO! NO!
  • Երբ նամակ եք ուղարկում ինչ-որ դասընթացին մասնակցելու կամ աշխատանքի դիմելու համար, կամ ուղղակի գործնական նամակագրություն եք վարում, անպայման վերնագրեք նամակը (լրացրեք subject line կոչվածը)։ Անանուն նամակները կարող են կորել հաղորդագրությունների հոսանքում, առավել ևս, որ դիմումներ ընդունելու օրերին կազմակերպությունը կարող է հարյուրավոր նամակներ ստանալ։ Նամակը վերնագրելիս հստակ վերնագիր ընտրեք, որ փոստարկղը բացելիս ընթերցողին միանգամից պարզ լինի, թե այն ինչի մասին է։ Չի կարելի գրել «ևս մեկ նամակ», «մի հարց ունեմ» կամ, ասենք՝ «բարև ձեզ» ևն։ Եթե հարց ունեք, գրեք, թե հարցն ինչի մասին է։
  • Ուղարկելուց առաջ ստուգեք ձեր տեքստը 2–3–4 անգամ։ Ուղղագրական և քերականական, էլ չասեմ՝ բովանդակային սխալներով ու վրիպակներով ձեր դիմումներն ու նամակները կտրուկ իջեցնում են ընտրվելու հավանականությունը։ Եթե, իհարկե, բեռնակրի կամ հովիվի աշխատանքի համար չեք դիմում։ Անփութորեն լրացված դիմումը վկայում է, որ դուք կամ փնթի, անգրագետ և անլուրջ մարդ եք կամ, ինչն ավելի վատ է՝ լուրջ չեք վերաբերվում հասցեատիրոջը։
  • Կետադրական նշաններից հետո միշտ պետք է բացատ (space / пробел) դնել։ Միշտ։
  • Եթե չեք դիմում էրոտիկ ամսագրում նկարահանվելու կամ հասարակաց տանն աշխատելու համար, ապա պետք չէ CV-ներում տեղադրել «քիսոյական» կամ «մաչոյական» լուսանկարներ։ Առավել ևս՝ լողազգեստով լուսանկարներ (այո, այդպես էլ է լինում)։
  • Նորմալ է նշել, թե նախկինում ինչ այլ դասընթացների, սեմինարների և այլ հետաքրքիր միջոցառումների եք մասնակցել։ Բայց եթե երիտասարդ դիմորդի մոտ դրանց թիվն անցնում է տասնյակից և դրանք լրիվ տարաբնույթ են՝ տարբեր ոլորտներից, ապա կարող է տպավորություն առաջանալ, որ դիմորդն ընդամենը «սեմինարային տուրիստ» է, ում իրականում հետաքրքրում է ոչ թե գիտելիք ստանալը, այլ ժամանցը։ Առավել ևս չարժի ծանրաբեռնել նամակագրությունը պատվոգրերի և գովասանագրերի սկաններով, եթե դրանք կոնկրետ դասընթացի թեմատիկայի կամ աշխատանքի հետ ուղղակի կապ չունեն։
  • Չի կարելի նամակներն ուղարկել ոչ ձեր հասցեից։ Անլուրջ է։
  • Առավել ևս չարժի նամակներ ուղարկել «ջրիկ» հասցեներից, ասենք. klubnichka18@mail.ru կամ super_albertik@yahoo.com։ Հա, հասկանում եմ, որ 10 տարի առաջ 2րդ դասարանում եք այդ փոստարկղը գրանցել, բայց ժամանակն է առաջ անցնելու...
  • Մի քիչ ջանք թափեք և CV-ն հարմարացրեք կոնկրետ հասցեատիրոջ հետաքրքրություններին, դա բավականին առավելություններ է տալիս։
  • Չի կարելի պատասխանել հարցերին այնքան կարճ, որ տպավորություն ստեղծվի, թե ծույլ եք ու թքած ունեք, բայց նաև չի կարելի «ջուր հուպ տալ», որ մարդկանց գլուխը չգնա ձեր բազմաբառ մտքի թավուտում անիմաստ թափառելուց։
  • Մի գրեք բաներ, որոնց մասին տեղյակ չեք։ Մի փորձեք գիտունիկ թվալու համար ձեր գրածը համեմել բառերով, որոնց իմաստը չեք հասկանում։
  • Որոշ չափով ծաղկացնելն ու գլուխ գովելը նորմալ է, բայց հետևեք, որ ձեր գրածում տրամաբանական հակասություններ չլինեն, ինքներդ ձեզ ստի վրա չբռնեք։
  • Պաթոսով մի խեղդեք։ Շատ եմ խնդրում։
  • Երբ նամակ եք ուղարկում, որին կցում եք ինքնակենսագրություն, դիմում և այլ անհրաժեշտ ֆայլեր, մի զլացեք, 1–2 իմաստալից տող էլ նամակում գրեք, որ տպավորություն չստեղծվի, թե նկատի ունեիք. «Հրես, առեք ձեր անտեր հարցաթերթիկը»։
  • Երբ ձեզ հարցնում են, թե «որտեղից եք իմացել մեր դասընթացի մասին», մի գրեք. «Համացանցում», համացանցը միլիոնավոր կայքերից է բաղկացած։
  • Չի կարելի copy-paste արած տեքստ ուղարկել, երբ դիմելու ընթացքում ձեզ հանձնարարում են ինչ-որ թեմա ինքնուրույն հետազոտել, գրել և այլն։ Ինքնուրույն ձեր տեքստը գրեք՝ նշելով, թե որտեղից եք իմացել ձեր հիշատակած այս կամ այն փաստի մասին։
  • «Ներողություն» ասելն ամոթ չէ։ Եթե ինչ-որ բան ստիպված եք փոխել կամ որևէ կերպ անհարմարություն եք պատճառում, միշտ ներողություն խնդրեք։ Առավել ևս վնասակար է մուննաթ գալը։
  • Երբ ինչ-որ հայց եք ուղարկել էլփոստով, ապա դրան հաջորդող օրերին մի ծուլացեք, ստուգեք Ձեր փոստարկղը։ Լինում է՝ մարդ դիմում է, ինչ-որ լրացուցիչ հարց է առաջանում, գրում ես՝ ու ոչ մի պատասխան։
  • Ուշադիր կարդացեք հայտարարությունը, մինչև ինչ-որ բան գրելը։ Հաճախ լինում է, որ հարցեր ենք ստանում, որոնց պատասխանը հայտարարության հենց առաջին պարբերությունում կա։
Այլ բաներ հիշեմ, կավելացնեմ...
karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

«Ապագան ավելի շուտ եկավ, քան սպասում էինք»

Սա Գերման Գրեֆի խոսքերն են։ Այս ելույթի համար ռուսական «Սբերբանկի» ղեկավարին մի քանի օր առաջ ահագին քլնգեցին ռուսական մամուլում, թե բա Ռուսաստանին վիրավորել է՝ անվանելով «հետ մնացող երկիր», ֆլան-ֆստան։

Գրեֆն այս ելույթում տեղ-տեղ իսկապես յուղ է վառում, բայց կոնկրետ Ռուսաստանի պահով ինչ ասել է, տեղին է ասել։ Կարող եք իր ելույթն ինքներդ լսել։



Իր լոլոները եթե ջրից ու տեղին-անտեղին օգտագործվող անգլերեն ծրագրավորողական ժարգոնից քամենք, ապա տակը մնում է հետևյալը.

Ա. Գրեֆը դժգոհ է, որ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերություններն այսօր օդից ավելի շատ փող են սարքում, քան բանկերը։ Ուղիղ դա չի ասում, բայց իր բառերից դա հետևում է։

Բ. [Կարևոր] Բանկիրն ասում է, որ Ռուսաստանը հետ է մնում համաշխարհային տնտեսության առաջնորդներից, որոնք իրենցով են անում աշխարհի ֆինանսական ռեսուրսները՝ տեխնոլոգիաները թափով զարգացնելու շնորհիվ, և այդ հեռավորությունն օրեցօր աճում է։ Նավթային գործոնն էլ գնալով թուլանալու է...

Գ. Ռուսաստանը չի հասցնում իր ինտելեկտուալ պոտենցիալը համապատասխանաբար զարգացնել + տուժում է երկրից ուղեղների արտահոսքից, ինչը Արևմուտքի առաջատարությունից բխող հետևանք է։

Դ. Ռուսաստանի միակ շանսը կրթական համակարգը ուշքի բերելն է։

Հետո սկսում է անկապ քլնգել սովետական կրթական համակարգը, թեպետ իմ կարծիքով խնդիրը ոչ թե Սովետից ժառանգած համակարգն է, այլ այն, որ այդ համակարգի մայրիկը լացացրել են։

Հիմա, մենք նավթ արտահանող երկիր չենք, ոչ էլ Ռուսաստանի ռեսուրսներն ունենք, բայց իր ասածը մեզ էլ է վերաբերում. մեր կրթական համակարգն էլ է վարի տված ու եթե այն արագորեն խելքի չբերենք, դառնալու ենք մի մեծ ПГТ — посёлок городского типа՝ քաղաքատիպ ավան։ Ոչ թե գյուղ, այլ հենց пгт՝ էն որ գործարանը փակվում է, բայց իրեն կից սարքած ավանը մնում է ու դրա բնակիչները չեն իմանում ինչ անել, սկսում են գաղթել։ Ո´չ բավականաչափ գիտելիք կունենանք բարձր տեխնոլոգիաներով երկիր պահելու, բայց հող վարելն էլ մոռացած կլինենք։