Groul (ahousekeeper) wrote,
Groul
ahousekeeper

Сказочный долбо... Հեքիաթային ընդդիմադիրը

Լինում է չի լինում ադրբեջանցի մի ընդդիմադիր է լինում։ Չդատված, չձեռբակալված, երկրից չվտարված, իր մտքերն ազատորեն արտահայտող։ (Ժողովուրդ, հա, հեքիաթում այդպիսի հեքիաթային բաներ հնարավոր են)։ Անունը, ենթադրենք՝ Տուգրուլբեկ Խըզմալզադե։ «Ընդդիմադիր» որ ասում եմ, իսկական ընդդիմադիր իմաստով եմ ասում, ոչ թե էն տուֆտա դեմքերը, որ կերակրատաշտից լավ էլ սնվում են, կնիկ-մնիկներին իշխանական կուսակցության նախընտրական ցուցակներ խցկում են, հետո էլ տեղից հելնում-հայտարարում են, թե ընդդիմադիր են։ Ոչ-ոչ, խոսքս իսկական, ոտքից գլուխ ու ալֆայից մինչև օմեգա ընդդիմադրի մասին է։

Ուրեմն մեր էս Տուգրուլբեկը շատ է սիրում քննադատական ելույթներ ունենալ, հարցազրույցներ տալ, հոդվածներ գրել։ Ասում-խոսում-գրում է, բայց գնալով լսողները պակասում են։ Ոչ թե Ադրբեջանի իշխանություններն են իրեն նեղում, շփումը սահմանափակում, բերանը փակում, չէ... Ուղղակի Տուգրուլբեկը նոր բան չի ասում, երբեմն էլ ուղղակի տուֆտում է, ու ժամանակի ընթացքում բոլորին նադայել ա անում իր փուչիկ պաթոսով այնքան, որ նույնիսկ մյուս ընդդիմադիրներն իրենից հոգնում են։

Մեկ-երկու-երեք ու Տուգրուլբեկ Խզմալզադեն հայտնվում է ստեղծագործական ճգնաժամի գրկում։ Ու էդ գրկում ինչքան ավելի շատ է թպրտում, այնքան ավելի ու ավելի խեղկատակի է նմանվում։ «Լավ, բա ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, որ վրես ուշադրություն դարձնեն»։ Ու մեկ էլ «Էվրիկա՜»... Մտքին գալիս է, որ կարելի է հարևան Հայաստանի մամուլին էլ մի հատ հարցազրույց տալ։ Հաշվի առնելով, որ հարևան Հայաստանն էլ Ադրբեջանին մի այլ կարգի չի սիրում ու նույնիսկ պատերազմում է, հաստատ աղմուկ կբարձրանա, Խզմալզադեին էլ վերջապես կհիշեն։

Ասում է ու անում է... Հայկական Հագով.ամ կայքին հարցազրույց է տալիս, թե էս Ադրբեջանը երգիր չի, սաղ վատ ա ու շուտով ավելի վատ կլինի, որովհետև այլ կերպ անհնարին է։

Հարցազրույցը տպում են, աղմուկը բարձրանում է, հասնում է Ադրբեջանի սուլթանին։ Սուլթանն իմանում է, զարմանում. «Յա, էս իմ երկրում դեռ ընդդիմադիր կա՞»։ Ու հեքիաթը չորով ավարտվում է, ընդդիմադիր Տուգրուլբեկ Խզմալզադեի բուռն կարիերայի հետ միասին։ Ինչո՞ւ։ Որովհետև հեքիաթը՝ հեքիաթ, բայց նույնիսկ հեքիաթում էլ հնարավոր չէ այսպիսի բան, որ Ադրբեջանում ինչ-որ մեկը հանգիստ հարցազրույց տա հայկական թերթին, նույնիսկ եթե գրպանում գժի թուղթ ունենա։

* * *

Իրական կյանքում լրիվ այլ է։

Նախ՝ Ադրբեջանում ընդդիմադիրներ է՛լ չկան. ով երկրից թռած չէ, ուրեմն բանտում է։ Չկա նաև չեզոք կամ ընդդիմադիր մամուլ։

Փոխարենը նարցիսիզմի տակ մնացած ու դրանից բխող թերագնահատման բարդույթով տառապող ընդդիմադիրներ կան Հայաստանում։ Հիվանդագին աստիճանի հասնող ուշադրության կենտրոնում հայտնվելու մոլուցքով։ Էն ռուսական մուլտիկի գորտի պես. «Это я-я-я-я, я-я-я-я»: Եւ այդ մոլուցքը ժամանակի ընթացքում լրիվ քայքայում է այդ մարդկանց եղած-չեղած ինտելեկտն ու նույնիսկ քթի ծակը։ Որովհետև ինչքան էլ չսիրես քո երկրի իշխանությանը, եթե տարրական քթի ծակ ունես, չես գնա թշնամի երկրի բռնակալի գրպանի լրատվամիջոցին (նույն լրատվամիջոցին, որն, ասենք՝ հայկական բնակավայրերը հրթիռակոծելու սպառնալիքներ էր տարածում) հարցազրույց տաս։ Որովհետև տարրական ինտելեկտ ունեցող մարդը չի կարող տարրական հիգիենայի նորմերն արհամարհել այնպես, ինչպես դա արեց Տիգրան Խզմալյանը։

Ու եթե մարդն ինքնագովազդի մոլուցքին այնքան է տրվում, որ դառնում է «հակահիգիենիկ երևույթ», ապա նույն այդ հիգիենան պահանջում է այդ մարդուն վերաբերվել որպես ծանր ու շրջապատի համար վտանգավոր հիվանդի։

Tags: ադրբեջան, հայաստան, ուղեղի թռչնագրիպ
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 3 comments