Groul (ahousekeeper) wrote,
Groul
ahousekeeper

Ինչպես չխաբվել ու չխաբել ընթերցողին. 6 քայլ լրագրողների ու բլոգգերների համար

Համոզված եմ, որ լրագրողներից, բլոգգերներից, Ֆեյսբուքում ակտիվ գրող-մեկնաբանողներից կամ ուղղակի տեղեկություններ տարածողներից շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ իրենց գրառում սխալ տեղեկություն կամ նույնիսկ միտումնավոր ապատեղեկատվություն է սպրդել և իրենք հետո ստիպված են եղել ներողություն խնդրել ընթերցողներից, հեռացնել կամ խմբագրել առաջին հայացքից սենսացիոն թվացած լուրը։ Ըստ այդմ նկարագրեմ մի քանի քայլ, որոնք ինձ տարիների ընթացքում բավականին օգնել են խուսափելու անզգույշ սայթաքումներից կամ թեկուզ հատուկ լարած «տեղեկատվական» թակարդներից։ (Բայց նաև նշեմ, որ 100%-անոց երաշխիք միևնույն է չի կարող լինել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով)։

Իհարկե, կան նաև լրագրողներ և ուղղակի «մեդիա-աշխուժակներ», որոնք ոչ միայն չեն նեղվում այդպիսի իրավիճակներից, այլ երբեմն հատուկ են կեղծ սենսացիաներ տարածում կամ նույնիսկ ստեղծում դրանք ինչ-ինչ պատճառներով։ Դրանք կարող են գրածիս վրա ժամանակ ընդհանրապես չծախսել։

  1. Փորձեք գտնել տեղեկության սկզբնաղբյուր(ներ)ը։ Հազվադեպ է լինում, որ լրատվական նյութի հեղինակը լինի իր լուսաբանած իրադարձության ականատեսը։ Սովորաբար հեղինակն այս կամ այն իրադարձության մասին գրում է՝ հիմնվելով իրադարձությանն ավելի մոտ կանգնած աղբյուրների հաղորդած տվյալների վրա, օրինակ՝ այլ լրատվամիջոցների, ականատեսների, պաշտոնյաների և այլն։ Աղբյուրից աղբյուր վերաշարադրումների ու copy-paste-երի ընթացքում ինֆորմացիան հաճախ աղավաղվում է, երբեմն միտումնավոր, երբեմն էլ պատահաբար։ Ըստ այդմ փորձեք կա´մ գտնել սկզբնաղբյուր(ները)ը, կա´մ դրան(ց) հնարավորինց ամենամոտ կանգնած «վերահեռարձակողին»։ Սկզբնաղբյուրներ կարող են մեկից ավելի լինել, բայց պետք է ուշադիր լինել և տարանջատել իսկականները «սկզբնաղբյուր ձևացողներից»՝ այն անազնիվ վերատպողներից, որոնք ընթերցողների մոտ փորձում են «բացառիկ սկզբնաղբյուրի» տպավորություն ստեղծել, թեպետ իրականում ընդամենը այստեղից-այնտեղից ինֆորմացիա թռցնող են՝ իրական սկզբնաղբյուրները չնշող։

    Ծուլության տարածված «կիքս» կա հայկական հեղինակների մոտ. գրել Հայաստանի կամ ընդհանրապես միջազգային կյանքի ինչ-որ իրադարձության մասին՝ հղում անելով ադրբեջանական կայքերին, այն դեպքում, որ շատ ավելի հավաստի տվյալներ կարելի է ստանալ հենց հայկական կամ միջազգային՝ իրադարձությանը շատ ավելի մոտ կանգնած աղբյուրներից։


  2. Փորձեք գնահատել ձեր աղբյուրների հուսալիությունը։ Ո՞վ է տեղեկության աղբյուրը։ Արդյոք սենսացիոն լուրը հայտնո՞ւմ է նորահայտ ինչ-որ կայք, բլոգ կամ նույնիսկ Ֆեյսբուքյան օգտատեր։ Ուսումնասիրեք աղբյուրը, փորձեք հասկանալ ով է հեղինակը կամ հեղինակները։ Փնտրեք որոնողական համակարգերում արդյոք այդ աղբյուրները հիշատակվում են նախկինում և ինչ կոնտեքստում։


  3. Եթե կոնֆլիկտային իրավիճակ եք լուսաբանում, փորձեք ստանալ նաև հակառակ կողմի կարծիքը։


  4. Հասկացեք, թե ով ով է։ Եթե ուսումնասիրվող թեմայում կան անծանոթ դերակատարներ, անվանումներ, տեղանուններ, մասնագիտական եզրեր, անպայման հասկացեք, թե դրանք ով են, ինչ են։ Օրինակ՝ ադրբեջանցիները կարող են գրել, թե «Աղդերեի շրջանում այսինչ բանն է կատարվել», հայկական լրատվամիջոցներն էլ անմիջապես այդ լուրը վերցնել ու արտատպել՝ գլխի չընկնելով, որ ադրբեջանցիներն այդպես են անվանում Մարտակերտը։ Եւս մեկ օրինակ. պետք չէ խուճապահար տարածել դիհիդրոգենի մոնոօքսիդի մահացու վտանգի մասին երգիծական նյութը, քանի որ դա ընդամենը սովորական ջրի քիմիական բանաձևն է (H2O)։


  5. Կազմեք ժամանակագրություն։ Եթե պիտի աշխատեք շաբաթների, ամիսների կամ տարիների նախապատմություն ունեցող թեմայի հետ, ապա իրադարձությունների մեջ չխառնվելու համար, կազմեք ժամանակագրություն, որպեսզի պարզ դառնա, թե որն ինչից հետո է եղել։


  6. Տարանջատեք փաստերը հայտարարություններից, կարծիքներից ու կրքերից։ Օրինակ՝ հաճախ այս կամ այն հանցագործության համար մեղադրվողի բարեկամները հայտարարում են, թե նա չէր կարող այդպիսի բան աներ, իսկ լրատվամիջոցները ներկայացնում են այդ հայտարարությունը որպես մեղադրյալի անմեղություն (այսինքն փաստ)։


Վերոնշյալ 6 քայլերն օգնում են արագորեն գնահատել ու վերլուծել ինֆորմացիան։

Նշեմ սակայն, որ ոչ բոլոր դեպքերում են այս քայլերը բավարար, և այլ մեթոդներ է պետք կիրառել։ Այնուամենայնիվ հիմնականում այս քայլերից նույնիսկ մի քանիսն անելը բավականին նվազեցնում է տեղեկատվական դաշտում այլոց խաբեության կամ փնթիության զոհը դառնալու և ձեր ընթերցողին ակամա մոլորեցնելու հավանականությունը։

Tags: social networks, զլմ, կրթություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 5 comments