Groul (ahousekeeper) wrote,
Groul
ahousekeeper

Եղանակի տեսություն

Անցած ուրբաթ ու շաբաթ փորձում էի իմանալ, թե ինչ եղանակ է լինելու Քարվաճառում։ Կարծես թե բարդ բան չկա. միացրեցիր հեռուստացույցդ ցանկացած հայկական հեռուստաալիքի նորությունների հաղորդման ժամանակ ու իմացար... Բայց հայկական իրականությունը ինչպես միշտ այլ է. որոշ ալիքներով կարելի է իմանալ եղանակը Լոնդոնում, Նյու-Յորքում և նույնիսկ «չքնաղ Անթալիայում»... Բայց ոչ մի ալիք չի հաղորդում եղանակը ԼՂՀ Շահումյանի կամ Քաշաթաղի մարզում։ Կարծես հեռավոր և անմարդաբնակ մի տերրա ինկոգնիտայի հետ գործ ունենք։

Այս մասին դեռ կիրակի էի ուզում գրել, այսօր էլ, կարծես թե զուգադիպությամբ Արցախից ուղարկեցին տեղի երիտասարդական կազմակերպությունների բաց նամակը Սերժ Սարգսյանին՝ հենց նույն թեմայով։

* * *

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՐԳՈ ՆԱԽԱԳԱՀ
ՏԻԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Արցախի ազատագրության համար մղված ազգային-ազատագրական պատերազմը 14 տարի առաջ պսակվեց հայության հաղթանակով: Այս հաղթանակի շնորհիվ հայ զինվորը դուրս եկավ Հայոց Հայրենիքի հյուսիս-արևելյան այժմյա սահմանները: Այս պատերազմը նախ և առաջ մղվել է Հայոց Հայրենիքի սրբազան հողի ազատագրության համար: Ջնջելով հայ ժողովրդին պարտադրված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» ապօրինի, արհեստական և անկենսունակ նախկին սահմանները 2006 թ. Հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությունն ամրագրել է մեր ժողովրդի լավագույն զավակների արյան գնով ազատագրված Հայոց հողի ինքնիշխան սահմանները:
Այս պատերազմը ոչ միայն պատերազմ էր հանուն հայրենի հողի ազատագրության, այլև արդարացի հատուցում` Արցախի հայության քաղաքական պահանջներին` ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծած Ցեղասպանության: Ամրագրելով հաղթանակի արդյունքները, հայ ժողովուրդը համայն աշխարհին վճռականորեն ցույց է տվել, որ նման նկրտումներն այսուհետ երբևէ անպատիժ չեն մնալու: Գաղափարախոսության կամ գործնական քաղաքականության ոլորտներում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքների անտեսումը ոչ միայն սրբապղծում է մարտում զոհված հերոսների հավերժ վաստակը, այլև ոտնահարում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) և Ադրբեջանի մյուս քաղաքներում ու գյուղերում ցեղասպանված հայության հիշատակը` խրախուսելով Հայոց պետականության դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան:

Այսպիսի հարցերում չկան և չեն կարող լինել մանրուքներ: Հայաստանի հանրային, ինչպես նաև մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումն ամեն օր շարունակ խորապես անարգում է ոչ միայն ՀՀ և ԼՂՀ, այլև Սփյուռքի հեռուստադիտողներին: Քաղաքական առումով այն հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար:

Պահանջում ենք բոլոր հեռուստատեսությունների ցուցադրած օդերևութաբանական կանխատեսման քարտեզներից հանել «ԼՂԻՄ»-ի պատկերը և փոխարինել այն ՀՀ և ԼՂՀ քարտեզով: Համոզված ենք, որ ամենակարճ ժամկետներում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները` ստեղծված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ:

“Արցախի Երիտասարդ Քաղաքագետների ակումբ”
Արցախի Ազատամարտիկների Միության “Հայրենաց պաշտպան” ՀԿ
ՀՅԴ “Արցախի Երիտասարդական Միություն”
ԱԺԿ Երիտասառդական թեւ
“Ազատ հայրենիք” երիտասառդական թեւ
“Վաչագան Բարեպաշտ” ՀԿ
“Հայկի Սերունդ” ՀԿ
“Ալֆա-Օմեգա” ՀԿ
“Զեփյուռ” ՀԿ

Իմ կողմից միայն երկու ավելացում.

— ՀՀ կառավարությանը կից գեոդեզիայի ու քարտեզագրության ինստիտուտը վաղուց արդեն տպում է իրական սահմաններով ու վերականգնված հայկական տեղանուններով քարտեզներ։ Ինչքանով որ ես եմ տեղյակ, այդ քարտեզները ունեն պետական փաստաթղթի ուժ։
— Այս հայտարարությունը ներքաղաքական պայքարի արտացոլում չէ, այնպես որ խնդրում եմ այն չօգտագործել ներքաղաքական, միջկուսակցական հարցեր լուծելու նպատակով։

Առաջարկ. այս նամակը պետք է տարածել հնարավորին չափ շատ ԶԼՄ-ներով։ Ձեր մատյաններում էլ այն տեղադրեք։ Հաջորդ գրառումով նաև ռուսերեն տարբերակն էլ կդնեմ։
Tags: արցախ, հայք, քարոզչություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 0 comments