Groul (ahousekeeper) wrote,
Groul
ahousekeeper

Խնդիրների ուրվագծում

Հունիսի երկուսին «Թեքեյան» մշակույթի կենտրոնում տեղի կունենա համաժողով՝ նվիրված օտարալեզու դպրոցների խնդրին։ Հրավիրել են մասնակցել այդ համաժողովին։ Չեմ գնալու։ Սխալ չեմ համարում համաժողովի անցկացումը։ Բայց չեմ գնա։ Նախ՝ որովհետև հոգնել եմ խոսակցություններից։ Երկրորդը՝ օտարալեզու դպրոցների կռվի մեջ արդեն խցկվել են բազմաթիվ «սպեկուլյանտներ»՝ սկսած ռուսատյացներով, վերջացրած «ինչքան վատ իշխանություններին, այնքան լավ ՀԱԿ-ին» սկզբունքով առաջնորդվողներով։ Նաև համոզված եմ, որ համագումարներն ու համաժողովներն ամենաարդյունավետ ուղին չեն հայերենի կայուն զարգացումն ապահովելու համար։

Բացատրեմ, թե ինչ ի նկատի ունեմ...

Լեզուն չի կարող զարգանալ (իսկ զարգացումը լեզվի պահպանման առաջին ու պարտադիր նախապայմանն է) որոշումներով, հրամաններով, ստորագրահավաքներով ու բողոքի ցույցերով։ Ենթադրենք, որ օրենքը չանցավ։ Ենթադրենք, որ օտարալեզու դպրոցներ չբացվեցին։ Հետո՞։ Մեկ-երկու շաբաթից նորից կվերադառնանք Կենդանի Մատյանում ռուսալեզու գրառումներին, Ֆեյսբուքում անգլերենով երկխոսություններին և այլն։

* * *

Եկեք նաև ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. իսկապես խիստ սակավ են օտարալեզու գրականության թարգմանությունները, մեզանից շատերն ունեն շատ փոքր բառապաշար, լավ չեն տիրապետում հայերենի քերականությանն ու շարահյուսությանը։ Համաձա՞յն եք։

Այս բացերը չեն կարող լուծվել համագումարներով ու բողոքներով։ Աշխատել է պետք, ընդ որում աշխատել համակարգված՝ ունենալով երկարաժամկետ ծրագիր և մշակված քայլեր այդ ծրագիրն իրականացնելու։ Ըստ այդմ վերադառնամ արդեն բարձրաձայնված հայկական ակումբների ստեղծման գաղափարին։

* * *

Ի՞նչ կարող ենք անել արդեն այսօր։

Ա. Որպես ռուսերենով դասավանդումը արդարացնող փաստարկ Աշոտյանը վկայակոչում է այն փաստը, որ հայերը ֆորումներում ավելի շատ ռուսերեն են գրում, քան հայերեն. «В короткой речи министр подчеркнул, что сегодня русский язык доминирует в информационной среде Армении не только в традиционных медиаресурсах, но и в интернет-форумах»։ Հասկանալի է, որ նախարարը մեղմ ասած անազնիվ է խաղում։ Մոռանում է կամ չգիտի, որ համացանցում հայերենով քիչ թե շատ լիարժեք աշխատանքը հնարավոր է դարձել մոտ 5–6 տարի ավելի ուշ, քան, օրինակ՝ ռուսերենով, և որ նույն այդ ռուսալեզու հայկական ֆորումներում շատ են հայերենին ընդհանրապես չտիրապետող ռուսահայերը։

Ցանկացած դեպքում հստակ երևում է աշխատանքի առնվազն մեկ ուղղություն. հայերենի դիրքերի ուժեղացումը մատյաններում, ֆորումներում, ընդհանրապես համացանցում։ Եւս մեկ օրինակ՝ մինչ այսօր էլ շատ հայեր օգտվում են mail.ru փոստից, և սա այն դեպքում, երբ mail.ru-ն մինչև այսօր հայատառ հայերենը չի արտապատկերում։

Բ. Անձամբ ես անընդհատ նեղվում եմ բառապաշարի պակասից։ Եւ ոչ միայն ես։ Կարիք կա մշակելու գործողությունների մի շարք՝ լինի դա խաղեր, վարժություններ, դասախոսություններ, դասընթացներ, որոնց արդյունքում բոլոր ցանկացողները հնարավորություն կստանանք (կստանամ ;)) ոչ միայն իրենց բառապաշարը հարստացնել, այլև շրջանառության մեջ վերադարձնել այն բառերը, որոնց պահանջը կա, բայց որոնք ինչ-ինչ պատճառներով մոռացվել են։

Գ. Խնդիրներ կան ընդհանրապես որակյալ գրելու. ըստ այդմ անհրաժեշտ են դասընթացներ և այլ միջոցառումներ, որոնք կսովորեցնեն գրել. սկսած քերականության, շարահյուսության ու ոճաբանության ուսումնասիրությունից, վերջացրած ծանոթությամբ գրականության տեսությունով ու հոդվածներ գրելու ձևերով։

Դ. [դուք ասեք...]

Հաջորդ գրառումներում կփորձեմ առանձին-առանձին մանրամասնել վերը նշված կետերը։ Անհրաժեշտ է նաև վերլուծել ու ցուցակագրել մեր տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու որոշել դրանց առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները։

Tags: գործողություն, հայերեն
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 56 comments