karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Ռազմամարզական գրառում Ա

Գիտեի՞ք, որ Ավստրիայում պաշտպանության նախարությունը պատասխանատու է նաև սպորտի համար։ Ու համապատասխան ձևով էլ կոչվում է. «Ազգային պաշտպանության ու սպորտի նախարարություն» (Bundesministerium für Landesverteidigung und Sport)։

Իսկ Շվեյցարիայում ՊՆ-ն սպորտից բացի նաև քաղպաշտպանությունն է կառավարում և կոչվում է «Պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտ» (Eidgenössischs Departement für Verteidigung, Bevölkerigsschutz und Schport)։

karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Հարցեր տարածաշրջանային անցուդարձից, որոնց պատասխանները կուզենայի իմանալ

  • Ի՞նչ խմբավորումներ կան Ադրբեջանի վերնախավում։ Ի՞նչ ռեսուրսներ ունեն, ինչպե՞ս են հարաբերվում իրար հետ։
  • Ադրբեջանի ժողովրդագրական տվյալները, գոնե ±15–20% ճշգրտությամբ։
  • Նախիջևանի ժողովրդագրական տվյալները, գոնե ±15–20% ճշգրտությամբ։
  • Վրաստանի ժողովրդագրական տվյալները, հնարավորինս ճշգրիտ։
  • Առանձին՝ Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից շրջանների քիչ թե շատ ստույգ ժողովրդագրական տվյալները։
  • Ադրբեջանում կենցաղային մակարդակով վերաբերմունքն Ալիևին, Ալիևի կլանին։
  • Ադրբեջանի բնակչության տարբեր խմբերում կենցաղային մակարդակով վերաբերմունքն Արցախի թեմային։
  • Ադրբեջանում թուրքամետ խմբերի անցուդարձը։
  • Ադրբեջանում հավատացյալ շիաների անցուդարձը։
  • Ադրբեջանում հավատացյալ սունիների անցուդարձը։ Ինչպե՞ս են ընկալում Դաեշի գործունեությունը։
Ու սենց՝ 150-200 հարց էլ... :) Իսկ դո՞ւք ինչ կուզեիք իմանալ Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի մասին։
karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Վասն բանկաց ու համըհանոց...

Սովորաբար ամեն ամսվա 15-16-ի կողմերն եմ վճարում կոմունալ ծառայությունների համար։ Այս ամիս այնպես ստացվեց, որ ավելի հարմար էր վճարել նախօրոք, ամսի 12-ին։ Վճարեցի բանկային ծրագրով (քանի որ իմ «սիրելի» բանկը առձեռն կոմունալ վճարումներ չի ընդունում, միայն կայքի միջոցով), որը բավականին անհարմար է, բայց այլ ճար չկա։ Մտա բանկի կայք, նայեցի պարտքերս, վճարեցի, վերադարձա գործերիս։

Ու սկսվավ...

3-4 օր զանգում են ՀայՌուսԳազարդից. «Դուք այս ամիս պակաս եք վճարել»։ Մտնում եմ բանկի ծրագրի մեջ, վճարածս 30+ հազար դրամը չգիտես ինչու «նստած է» որպես «սպասարկման» վարձ, փոխարենը բուն գազի համար պարտք եմ 35000 հազար դրամ։ Հաշվիս էլ այս ամիս 4100 դրամ էր մնացել, ասացի, որ երեք հարյուր դրամ պակաս կմուծեմ։ «Գազի տոտան» էլ թե. «Չէ, ձև չկա, պըտի լրիվը վճարեք, որովհետև մեր մոտ տենց ա, եթե 1 դրամ էլ պակաս եղավ, ծրագիրը չի ընդունում»։ Վերջը բարիշեցինք, որ պակասող 300 դրամը նա կվճարի, հետո մեզ չեկ կբերի, կվերադարձնենք այդ 300 դրամը։

Անցնում է մի քանի օր, նորից զանգ, այս անգամ՝ էլեկտրացանցից. «Պակաս եք վճարել»։ Ո՞նց թե։ «Հա, դուք հին տվյալներով եք վճարել, դրա համար էլ տարբերություն է ստացվել»։ Բա որտեղի՞ց էդ հին տվյալը։ «Տոներ էին, չենք հասցրել ժամանակին ցուցմունքները գրանցել, այդպես է ստացվել»։

Ու այստեղ պարզ դարձավ նաև գազի վճարի հարցը... Փաստորեն. ա. քանի որ Հայաստանում համարյա երկու շաբաթ Ամանոր էին նշում, բնական է, որ գազի ու լույսի մարդիկ էլ չէին աշխատում։ Ըստ այդմ էլ՝ ցուցմունքներն ուշ են գրանցել, ուշացումով էլ ուղարկել են «կամպուտռ» (բայց դե գազի տոտան հետս կռիվ անելու փոխարեն գոնե կարող էր իրական պատճառը բացատրել ու ընդունել, որ իրենց մեղքով էր)։ Լավ, դա հասկացանք։ Բայց անհասկանալի 2 հարց է մնում.

ա. Եթե վարձը գանձողի մեղքով է տվյալները սխալ գրանցվել, ապա բարի եղեք, սպասեք հաջորդ ամսվան։ Հա´մ վատ եք աշխատել, ձեր գործը նորմալ չեք պլանավորել, հա´մ էլ մուննաթ եք գալիս, հա´մ էլ ես պիտի հետո վազվզեմ, ժամանակ ծախսեմ, լրացուցիչ վճարեմ։

բ. Եթե ես նախանցյալ ամսվա պարտքերը վճարել եմ, ապա какого ху...дожника այդ նույն գումարները շարունակում են որպես պարտք ցուցադրվել բանկային վճարումների ծրագրում։ Ալո՞...

* * *

Այնպես ստացվեց, որ պիտի Կոնվերս բանկում հաշիվ բացեի։ Ժամը 16:15 Հանրապետության Հրապարակի մասնաճյուղում վերցրեցի հերթիս համարով տոմսը, սկսեցի սպասել։ Ժամը 18:00 այլ տեղ պայմանավորված էի, այնպես էի հաշվարկել, որ հանգիստ, առանց շտապելու (ավտոբուսով և ոչ թե տաքսիով), ժամը վեցին հասնեմ տեղ։ Երբ մտա բանկ հերթ չկար, 3-4 այցելու էր ընդամենը։

Անցավ 25 րոպե։ Սպասողները շատացան, բայց իմ տոմսի համարը էկրանին չերևաց։ Մոտեցա աշխատողներից մեկին, հարցնում եմ. «Ես ճի՞շտ ծառայության տոմս եմ վերցրել, պիտի հաշիվ բացեմ»։ Նայեց, ասաց, որ ճիշտ է։ Նորից հարցրեցի. «Իսկ դա նորմա՞լ է, որ ուզում եմ հաշիվ բացել և արդեն կես ժամ է սպասում եմ»։ Աշխատողը պատասխանեց. «Այո, նորմալ է, տեսնո՞ւմ եք ինչ հերթ է»։ Էլ չխորացա, որ երբ ես նոր էի եկել, դեռ հերթ չկար։ Սպասեցի... Հերթս հասավ 48 րոպեից (հա, արդեն րոպեներով հաշվում էի)։

Ընդանուր ձևակերպումը տևեց տաս րոպեից էլ քիչ։ Մինչ այս աշխատողը գրանցում էր տվյալներս, կողքի սեղանի մոտ երկու երիտասարդ աշխատող դեսից դենից էին զրուցում. ինչ-որ երգչի նոր կլիպից, նոր ավտոհամարանիշներից, իրար անեկդոտներ էին պատմում և այլն։ Արդեն բացարձակապես զարմանալի չէր սպասելս. եթե հաճախորդին սպասարկելու փոխարեն բանկի աշխատողները 10 րոպե հի-հի-հա-հա անեն, բնական է, որ ես էլ պիտի 48 րոպե սպասեմ։

Եթե բանկը 48 րոպե սպասացնում է մարդու, ով առաջին անգամ եկել է հաշիվ բացելու (ու մարքեթինգային պարզ նկատառումներից ելնելով բանկը պիտի ամեն գնով փորձեր այդ մարդու աչքին պրոֆեսիոնալ ու լուրջ երևար) ու թքած ունի իր թողած տպավորության վրա, ապա բնական է, չէ՞, որ պոտենցիալ հաճախորդը հաջորդ անգամ այդ բանկ չի գա։

Հ.Գ. Բանկից դուրս եկա արդեն հինգն անց, ժամը վեցին հանդիպման էլ ստիպված տաքսիով գնացի, մի քանի րոպեով էլ ուշացա։ Ու տենց...
karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Ազատության, անազատության ու ստեղծագործական արդյունքի մասին

Ֆեյսբուքյան մի բանավեճի ժամանակ ընդդիմախոսս պնդեց, որ հայկական տաղանդները, եթե նրանց տրվի «ճիշտ պայմաններ», գլուխգործոցներ կկերտեն։ «Ճիշտ պայմաններ» ասելով նկատի ուներ, ենթադրում եմ, ավելի բարձր աշխատավարձ, հարմարություններ և այլն (խոսքը եվրոպաներ մեկնելու մասին էր)։

Այդ «ճիշտ պայմանների» վերաբերյալ այսպես պատասխանեցի. «Ստալին պապիկը, որ սովետական պրոֆեսիոնալներին կոխում էր շառաշկեք ու մի փոր բոռշով ու գնդակահարության սպառնալիքով աշխատացնում, էլի ահագին լավ արդյունքների էին հասնում մեր տաղանդավոր պրոֆեսիոնալները»։

Ու ընդհանրապես, խիստ գերագնահատում ենք ստեղծագործական ազատության ու խրախուսական լծակների դերը որակյալ արդյունք տալու գործում։ Վերջիվերջո Շոստակովիչն էլ էր ստալինյան սարսափի մթնոլորտում շատ հավեսով ստեղծագործում, Բուլգակովն էլ, Աննա Ախմատովան էլ... Թեկուզ զուտ մեր հայկական արվեստի գործիչներով նայենք. Մարտիրոս Սարյանից բռնած, Արամ Խաչատուրյանով ու Խաչիկ Դաշտենցով վերջացրած... Կամ, ասենք՝ դերասանական դպրոցը։ Այսօրվա ռուսաստանյան դերասանները թեպետ խորհրդային շրջանի իրենց կոլեգաներից 100 գլուխ ավելի հարուստ են, բայց սովետական՝ ահագին սահմանափակումներով խեղդած, «շկոլայի» թույլ ու անհամ ստվերն են ընդամենը։

Մի խոսքով. երբեմն սոված մնալու կամ Սիբիր աքսորվելու սպառնալիքը ստեղծագործական առումով պակաս «ճիշտ պայման» չէ, քան, ասենք՝ բաբաթ հոնորարն ու ստեղծագործական ազատությունը։

Հ.Գ. Բնականաբար, գլուխգործոցներ ստեղծելը միայն ծեծել-աքսորելով կամ մի փեշ փող տալով չէ, շատ ավելի բարդ գործընթացների համատեղ արդյունք է։ Ու ոչ էլ Սովետի ջատագովությամբ եմ զբաղված ;)

karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Չտո ձելած

Ադրբեջանցի թուրքերի վարած հոգեբանական պատերազմի հիմնական ցիկլը շատ պարզ է.

[գործողություն]. Անընդհատ ճնշում սահմանամերձ գյուղերի ու դիրքերի վրա։

[ակնկալվող արդյունք Ա]. Սահմանամերձ գյուղերն աստիճանաբար դատարկվում են... Միանգամից չէ, բայց եթե տարիներով կրակոցները շարունակվում են, ապա ինչ-որ պահից դա սկսում է ազդել մարդկանց վրա, ինչքան էլ որ պինդ լինեն... Ինչքան դատարկվում են, այնքան ավելի դժվար է դիրքերը պահել, նույնիսկ պայմանագրային հիմունքներով։

[ակնկալվող արդյունք Բ]. Ուղերձ է փոխանցում հակառակորդի (այսինքն՝ մեր) լսարանին. «Ձեր ղեկավարությունը / բանակը չեն կարող ձեզ պաշտպանել, ինչ ուզենք, կանենք ձեր հետ»։ Ուղերձն այնքան ավելի արդյունավետ է, որքան ավելի շատ են գրում այդ մասին հակառակորդի (այսինքն՝ մեր) լրատվամիջոցները, որքան ավելի լաչառ տոնայնությամբ են այն մատուցվում։

Հայկական կողմը, բնականաբար պատասխան տալիս է։ Բայց ադրբեջանցիներն իրենց կորուստների մասին շատ ավելի քիչ են հայտնում, քանի որ իրենց մոտ լրատվական դաշտը խստորեն վերահսկվում է։ Հայտնելիս էլ «Գազանաբարո հայերը վիրավորել են ադրբեջանցի կնոջը/երեխային, մենք պատասխանել ենք, հայերը լռել են» ձևաչափով են փոխանցում։ Թե ինչ կմտածի ադրբեջանական հանրությունը՝ մեծ հաշվով թքած ունեն, որովհետև հանրությունն ադրբեջանում ոչ մի բան չի որոշում։

Տեսեք ինչ է ստացվում. ինչքան շատ ենք լուսաբանում սահմանում կրակոցները, այդքան ավելի են շահում ադրբեջանցիները։ Եւ ինչքան ավելի ողբալի նոտաներով է դա արվում, է´լ ավելի են շահում։ Էն որ հերթական հայի սիրտը չի դիմանում, ստատուս է գրում. «Սիրտս պայթում է, էլ չեմ կարող լռել. նոր գյուղից զանգեցին, ասում են էլի կրակում են... Ինչքա՞ն է էսպես շարունակվելու» ու դա մի 100 հոգի share է անում, դա էլ է շատ լավ տեղավորվում ադրբեջանական գործողությունների սպասված արդյունքների շրջանակներում։

«Բա ի՞նչ անենք, իրենք մերոնց կրակեն, իսկ մենք լռե՞նք»։

Եթե իսկապես օգտակար ասելու բան չունեք, ապա հա, լռեք, որովհետև վայվույից միայն վնաս է։

Եթե կարող եք գնալ ու բնակվել այդ գյուղերում, գնացեք։ Եթե կարող եք կոնկրետ մի ճանապարհ կառուցել, մի պաշտպանող պատ դնել (այստեղ ուշադիր. ոչ ամենուր այդ պատերն իմաստ ունեն, որովհետև թուրքերի դիրքերն տեղեր կան՝ շատ ավելի բարձր են)։ Եթե կարող եք ինչ-որ ծրագիր իրականացնել սահմանամերձ գոտում՝ իրականացրեք (բայց պետք չի, էլի, բերել երեխեքին Երևան, մայրաքաղաքի սուտի փայլով ջիջիլ գցել, հետո հետ ուղարկել. տեղում արեք ինչ անում եք կամ էլ գոնե մարզերում)։

Եթե հակառակորդին պատասխանելու ցանկությունն անհաղթահարելի է, էլի կարող եմ ուրախացնել. պայմանագրային ծառայության կարող եք անցնել, եթե առողջությունը թույլատրում է։

Ցանկացած դեպքում՝ ինչ էլ անելու լինեք, մինչև 5-6 անգամ կոնկրետ տեղը չգնանք, հազար հոգու հետ չխոսեք, չհասկանաք, թե ով է տեղում գործ անողն, իսկ ով է գլուխ հարդուկողը, ով է ճիշտ ասում, ով է սուտ խոսում, ոչ մի բան մի սկսեք, որ ձեր սուղ գումարներն անիմաստ չմսխվեն։

«Բա լավ, մինչև ե՞րբ ըսենց...»։

Միշտ։ Դարերով կռիվների մեջ ենք ապրել, դարերով էլ ապրելու ենք։ Սա է մեր տարածաշրջանը։ Հոգնած ազգերը վերանում են։ Եթե չենք ուզում վերանալ, ապա միշտ էլ պիտի պատերազմին պատրաստ լինենք, միշտ էլ պիտի ռազմականով մտածենք, միշտ էլ մեր երեխեքին պիտի լավ կռվող մեծացնենք, ու բացատրենք, որ իրենք էլ՝ իրենց երեխեքին պիտի այդպես դաստիարակեն։

Իսկ կոնկրետ սահմանում կրակոցների խնդիրն իրականում կարող է վերջնական լուծում ստանալ միայն հակառակորդի բոլոր դիրքերը գրավելով։ Ընդ որում ոչ բոլոր հատվածներում թուրքերի դիրքերը հնարավոր է գրավել ու պահել, աշխարհագրության ու ռելիեֆի հարց կա։ Այնպես որ իդեալական տարբերակն Ադրբեջանը կազմալուծելն է։

Էսքանը...

karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Ռազմամշակութային հարց (կարդալ մինչև վերջ)

Երկու տարի առաջ ընկերներով այսպիսի մի դասընթաց կազմակերպեցինք։ Հրահանգիչը նատօական հատուկ պատրաստություն անցած մարդ էր, ու դասընթացն էլ բավականին հաջող էր, բոլորը գոհ մնացին։ Մեր ՊՆ-ն էլ ահագին օգնեց որոշ հարցերում։

Տեսարան 2012թ. պարապմունքներից. «դարան ընկած» ստորաբաժանումը շրջանային պաշտպանություն է կազմակերպում

Այսպիսի մի բան շատ վաղուց էինք ուզում անել, որովհետև գիտակցում էինք (ու շարունակում ենք գիտակցել), որ Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է. վաղ թե ուշ լինելու է։ Հասկանում ենք նաև, որ այդ պատերազմը բոլորիս է «կպչելու». ու ավելի լավ է պատրաստ լինել, քան անպատրաստ։

Սակայն դասընթացն ավարտելուց հետո լիքը հարցեր առաջացան։ Օրինակ՝ տարեկան երկու շաբաթ պարապելը հավես բան է, բայց նորմալ ֆիզիկական վիճակը պահելու համար պետք է պարապել շաբաթական գոնե երեք անգամ։ Իսկ մարտական գործողություններին պատրաստ լինելը միայն ֆիզպատրաստությունով չէ. պետք է պարբերաբար հրաձգային պատրաստություն անցնել, մարտավարության դասեր անցնել և այլն։ Ինչպե՞ս ենք այդ ամենը կազմակերպելու, մարզիչներ ճարելու, վերջիվերջո ո՞վ է վճարելու այս հաճույքների համար։

Որոշեցինք զբաղվել... Երկար-բարակ չպատմեմ, թե ինչքան խնդիրներ ենք լուծել 15-20 համախոհներով ու դեռ ինչքան էլ պիտի լուծենք։ Բայց փաստ է, որ այս պահի դրությամբ ունենք պրոֆեսիոնալ մարզիչներով ֆիզպատրաստության կանոնավոր պարապմունքներ, հրաձգության դասընթաց ենք անցնում և այլն, և այլն (չեմ ուզում առայժմ բոլոր փակագծերը բացել)։ Ընդ որում մեծերի (այսպես ասած՝ «պահեստազորային տարիքի») հետ պարապմունքներին մասնակցում են նաև 15-16 տարեկան (նախաբանակային) տարիքի տղաներ։ Բոլոր ծախսերը պարապողներն իրենք են հոգում։

Այն, ինչ մենք անում ենք՝ անվերջ է։ Այսինքն քանի դեռ ոտքի վրա ենք, պիտի զբաղվենք, հակառակ դեպքում դառնում է ոչ թե պատրաստություն, այլ հոբբի։ Դեմ չեմ հոբբիներին, բայց մեր ուզածը հոբբի չէ, այլ իսկապես պատրաստ լինելն է։ Եւ այստեղ մենք մոտենում ենք շատ ավելի լուրջ հարցի...

  • Ընկերներիս մեջ քանի՞ մարդ կա, ով պատրաստ է միանալ մեր խմբին, հստակ հասկանալով որ բավականին ժամանակ ու փող է ծախսելու, ընդ որում սա ոչ թե մեկ-երկու ամսով է, և նույնիսկ ոչ էլ մեկ տարով է, այլ անվերջ գործընթաց է։ Երկիրը պատշպանելու «հա էլ» պատրաստ լինելու գործընթաց։

Հ.Գ. Ի վերջո նպատակը երկրի մակարդակով մշակույթ ստեղծելն է. ամեն տղամարդու՝ երկրի պաշտպանության համար ընդհանուր պատասխանատվության, զենքից չվախենալու ու ռազմական գործին տիրապետելու մշակույթ։ Կստացվի այդպիսի մշակույթ ստեղծել թե ոչ, ազնվությամբ չգիտեմ։

karabakh, artsakh, карабах, арцах, gandzasar

Ազգակենտրոն կրթական համակարգից մինչև Արևմտյան Հայաստան (մաս Բ)

Շարունակելով նախորդ գրառումը, ներկայացնեմ որոշ պնդումներ, որոնք այս պահին որպես աքսիոմատիկ հիմք եմ ընդունում, և որոնց վրա կառուցելու եմ հետագա փաստարկումս։

Ա. ԳԵՐՆՊԱՏԱԿ (150–200 տարվա կտրվածքով). Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում հայ ժողովրդի լիարժեք ներկայության վերականգնում։

Բ. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

  • Ազգակենտրոն, այսինքն՝ ազգի առջև ծառացած իրական խնդիրները լուծելուն ուղղված գիտակրթական համակարգի բացակայություն։ Այս մասին վերջերս խոսեցինք «Զորակնում»։ Նշեմ, որ քննարկումներից զատ «Զորակնի» թիմով, Էդգար Էլբակյանի, և բազմաթիվ այլ մարդկանց հետ միասին այս խնդիրն ուսումնասիրում ենք, քայլեր ձեռնարկում թե´ գործնական, թե´ տեսական ոլորտում։ Նշեմ նաև, որ աշխատանքը սաղմնային փուլում է, ռեսուրսների բացակայության պատճառով շատ դանդաղ է ընթանում, բայց առաջընթաց կա։

    Վերոնշյալ գերնպատակին հասնելը պահանջում է հազարավոր հետազոտություններ, լուրջ պլանավորում և այդ պլանների իրականացում։ Նույնիսկ եթե անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունենայինք, միևնույն է, առանց գիտակրթական համապատասխան համակարգի հնարավոր չէ մշակել և իրագործել այնպիսի մի ծրագիր, որի արդյունքը լինի Հայկական լեռնաշխարհում մեր ներկայության լիարժեք վերականգնումը, հնարավոր չէ այդ ենթադրյալ անսահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Առանց սեփական գիտակրթական բազայի բոլոր ռեսուրսները մսխվելու են այլոց խնդիրները լուծելու վրա։ Այսինքն մենք կլինենք ոչ թե ռեսուրս օգտագործող, այլ հենց ռեսուրս՝ այլոց համար։

  • Ժողովրդագրական ճգնաժամ, ընդ որում խոսքը ոչ միայն արտագաղթի, այլ 1970–80-ականների համեմատ ծնունդների թվի նվազման մասին է։ Առայժմ առանց փակագծերը բացելու նշեմ, որ չնայած լայնորեն տարածված կարծիքի, չեմ համարում, որ ժողովրդագրական ճգնաժամի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են (ուղղակի ասեմ, որ Աֆղանստանի սարերում ապրող և 10-14 երեխա ունեցող քոչվորը հաստատ ավելի վատ սոցիալ-տնտեսական պայմաններում է ապրում, քան մեկ՝ լավագույն դեպքում երկու, երեխա ունեցող երևանցին)։
  • Նյութապաշտության և անհատապաշտության («կյանքի իմաստը՝ հաճույք ստանալն է») անսանձ քարոզչություն, որի հետևանքով առկա ռեսուրսների (բնական, մարդկային, մշակութային) մսխումը ժողովրդի բոլոր շերտերում նորմա է դարձել և ցանկացած հակաազգային քայլ արդարացվում է «ես հարգում եմ ցանկացած կարծիք» կամ «բա ի՞նչ անի խեղճ մարդը, ինքն էլ ա ընտանիք պահում» տիպի քարոզչական թեզերով։ Ընդհանրապես, նյութապաշտությունն ըստ էության համատարած կոռուպցիան արդարացնող գաղափարախոսություն է։ Բացի այդ անսանձ նյութապաշտության և անհատապաշտության մթնոլորտը գրեթե անհնարին է դարձնում երկարաժամկետ ազգանպաստ գործողությունների իրագործումը, դրանց իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը։

Գ. ԱՌԿԱ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

[ Այս պահին դժվարանում եմ հստակ ուրվագծել, թողում եմ հետագայի։ Մի բան է կարևոր հասկանալը. այս կամ այն ռեսուրսի բացակայությունը, այս կամ այն խնդրի առկայությունը չի նշանակում, որ պետք է հրաժարվել գերնպատակից։ Ընդամենը նշանակում է, որ առաջին քայլերը պիտի լինեն ռեսուրս ստեղծելն ու կոնկրետ խնդիր լուծելը ]

Դ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ ԵՒ ՄՈՏԱԿԱ ՆՊԱՏԱԿՆԵՐ

  1. Ազգակենտրոն գիտակրթական համակարգի կառուցում։ Սա հիմքերի հիմքն է։ Այսպես ասած՝ կադրային դարբնոց, առանց որի ոչ մի բան ուղղակի չի սկսվի, էլ չասեմ նպատակին հասնելու մասին։

    Ինչպես գրել ենք «Զորակն» հիմնադրամի կայքի գլխավոր էջում. «Մենք հավատում ենք, որ Հայաստանի այսօրվա շատ խնդիրներ հնարավոր է լուծել գիտականորեն հիմնավորված մոտեցումներով ու հետևողական աշխատանքով»։ Հայաստանի ու հայության իրական խնդիրների լուծման գիտականորեն հիմնավորված մոտեցումների մշակումը հնարավոր է միայն անկախ և ազգակենտրոն գիտակրթական համակարգում։

    Շեշտեմ. այստեղ նշում եմ միայն անելիքը։ Թե ինչպես պիտի այդ անելիքն իրականացվի՝ առանձին պատմություն է։ Ու միանգամից էլ շեշտեմ. շատ լավ հասկանում եմ, որ խոսքը երկարատև ու հսկայական աշխատանքի մասին է։

  2. Շրջապատի ճանաչում և ինքնաճանաչում։ Ինչպես չին մեծ ռազմագետ և զորաբար Սուն-Ցզին էր ասում. «Եթե գիտես թշնամուդ և գիտես ինքդ քեզ, հարյուր ճակատամարտում էլ վտանգի չես ենթարկվի։ Եթե չգիտես թշնամուդ, բայց գիտես ինքդ քեզ, մի ճակատամարտը կհաղթես, մյուսը կպարտվես։ Եթե չգիտես ո´չ թշնամիներիդ, ո´չ ինքդ քեզ, վտանգված ես լինելու ամեն ճակատամարտում»։

    Իրականում սա նախորդ՝ ազգակենտրոն գիտակրթական համակարգի ստեղծման, քայլից բխող քայլ է։

  3. Արժեհամակարգի հստակեցում. ազգային գաղափարախոսության, ազգային զարգացման երկարաժամկետ ծրագրի ստեղծման համար առաջին քայլն է։ Առայժմ շատ կարճ ձևակերպեմ. այդ համակարգի հիմքում պիտի ընկած լինի մեր ինքնության հիմնասյուների (այդ թվում՝ պատմամշակութային ընդհանուր ժառանգության, ընդհանուր պատմական հայրենիքի գիտակցության), մեր բնական ռեսուրսների (հող, ընդերք, բնություն) և այդ ամեն ինչի կրողի և տիրոջ՝ հայ մարդու արժեվորումը։

  4. Հայրենատիրական գիտակցության զարգացում. այս քայլը ենթադրում է նաև այնպիսի գիտակցության սերմանում, որ հետույք հաստացնելով խնդիրներ չեն լուծվում, երկնքից էլ բարիքներ չեն ընկնում։ Պիտի հասկանանք, որ կարող ես ունենալ միայն այնքան, ինչքան որ կարող ես պաշտպանել ու խաղաղության ամենալավ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է։ Պիտի հասկանանք, որ զարգացման գրավականը՝ քրտնաջանորեն ու նաև խելացիորեն աշխատելն է, ընդ որում մեր աշխատանքի արդյունքները լավագույն դեպքում միայն մեր ծոռները կտեսնեն։ Պիտի հասկանանք, որ հայրենատիրությունը ոչ թե ազգային ռեսուրսին տիրանալն է և այլն շահագործելը (դա այսօրվա վերնախավն էլ հեչ վատ չի անում ;) ), այլ հայրենիքին ծառայելն է։ Որ «տեր» բառը նախևառաջ պատասխանատվություն է նշանակում։

  5. Քաղաքակրթական գիտակցության և արժեքների ստեղծում. բնապահպանությունից մինչև փոքր ազգերի շահերի պաշտպանություն, հայկական գիտակրթական համակարգի արտադրանքի արտահանում, առաջին հերթին սեփական գիտակրթական համակարգ ունենալու շքեղությունից զրկված տարածաշրջանային փոքր ազգերի համար։

    Իրականում սա նախորդ՝ ազգակենտրոն գիտակրթական համակարգի ստեղծման քայլից բխող քայլ է։

Առայժմ այսքանը։ Այս գրառման ցանկացած նախադասություն, երևի թե, մի առանձին գրառում, հոդված, գիրք է պահանջում։ Ի՞նչ արած, դա է. ուրիշ ճանապարհ չկա։ Շարունակելի...